«Նկատողություն» տեսակի կարգապահական տույժ՝ Սևանի դատախազի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

52322061_0_132_1601_1032_1920x0_80_0_0_1bcec8a72e64a00d879238bcbab0d4c7

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 6-ի հրամանով Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի նկատմամբ նշանակվել է  «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Այս մասին տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքից։

Տույժի նշանակման համար հիմք հանդիսացած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվողի ու նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում իրականացրել է բանակցություններ: Դրանց արդյունքում մեղադրողը կողմի հետ համաձայնության է եկել մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին, անտեսելով օրենքի վերը նշված պահանջը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ (դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը, եթե համաձայնեցված պատիժն անօրինական է) ընդունելով համաձայնության մասին նշված արձանագրությունը, կայացրել է դատավճիռ՝ որպես պատիժ նշանակելով ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

--00—ՅՄ