«Ոչ»-ի շտաբ չձևավորելը չի նշանակում, որ մենք ինքնին «Այո» ենք․ Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Գևորգ

«Մենք մեր գործելաոճին համապատասխան որոշել ենք քաղաքական խորհրդի նիստ հրավիրել, որտեղ խնդրի վերաբերյալ խոսելու հնարավորություն կունենան ոչ միայն մեր խմբակցության պատգամավորները, այլև մեր կուսակցական ընկերները, տարածքային կառույցներից գործընկերները»,- այդ մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը։

Հարցին՝ եթե որոշվի, որ «Այո»-ի ճամբար ձևավորել, ինչպե՞ս կվարվի, Գևորգ Պետրոսյանը նշել է, որ արդեն դեմ է արտահայտվել, ապա հավելել, որ կարծիքները նույնիսկ կուսակցության ներսում կարող են տարբեր լինել։

«Եթե խոսքն իմ անձնական քվեարկությանն է վերաբերվում, ապա ես ոչ թե որպես պատգամավոր եմ մտնելու ընտրատեղամաս, այլ՝ որպես քաղաքացի։ Բայց եթե խմբակցությունը կոնկրետ որոշումներ է կայացնում, բնական է, որ մենք որպես խմբակցության անդամ պարտավոր ենք հարգել խմբակցության դիրքորոշումը»,-ասել է Գևորգ Պետրոսյանը։

Հարցին՝ ի՞նչ կսպասվի «Այո»-ի դեպքում,  և արդյոք դատավորները, ՍԴ-ից հեռանալով, կդիմե՞ն ՄԻԵԴ, Գևորգ Պետրոսյանը պատասխանել է․ «Որպես իրավաբան՝ կասեմ՝ այո՛, շանսերը մեծ են։ Տեսե՛ք, Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովից հետո Հայաստանի հարցով երկու համազեկուցողներից մեկը՝ մեր խմբակցության պատգամավոր Մելքումյանը, հստակ փոխանցեց նրանց կոշտ հորդորը, որ հարգելի՛ իշխանավորներ, առկանխեք հարցի քննարկումը և խնդիրը մեզ ուղարկեք։ Նրանք դա հաշվի չառան, և հիմա ինչպես կարող է այս հանգամանքն անհետևանք մնալ»,- նկատել է պատգամավորը։

Հարցին, թե արդյոք նորմա՞լ է «Ոչ»-ի շտաբ չձևավորելը, պատգամավորը պատասխանեց․  ««Ոչ»-ի շտաբ չձևավորելը չի նշանակում, որ մենք ինքնին «Այո» ենք։ Երկու-երեք օր անց ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստը կլինի, որի ժամանակ իմ անձնական կարծիքը կհայտնեմ»։

Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի միանում ԼՀԿ-ին և չի դիմում ՍԴ՝ վիճարկելու կամ ճշտելու դրա սահմանադրականության հարցը, Գևորգ Պետրոսյանը նշել է, որ իրենց քաղաքական ուժը որևէ մեկին միանալու խնդիր չունի, ավելին՝ ԼՀԿ-ի կողմից հստակ, պաշտոնական արտահայտություն չի տեսել։

«Ինչո՞ւ չենք միանում․ նախաձեռնության միանալը քաղաքական ուժի իրավունքն է։ Մենք որևէ պարտավորվածություն չունենք, որևէ խմբակցության, որևէ առաջարկին կողմ լինելու առոմով»,-ասել է պատգամավորը։