1991թ․ «Երեկոյան Երևանի» նկարազարդման գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

.

Սահմանադրական հանրաքվեի «Այո» լոգոյի մրցույթում հաղթած եւ 3 մլն դրամ շահած «Garoon agency» ընկերությունը, որը ինչպես պարզվեց կրկնoրինակել է 1991թ. Անկախության հանրաքվեի լոգոն, հանդես է եկել պարզաբանող հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, ստորեւ պարզաբանում եմ ստեղծված իրավիճակը։ Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն, եւ ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաեւ տիրապետելով դիզայնի, առաջխաղացման եւ գովազդի բոլոր մանրամասներին, պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։

Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երեւան» թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի, եւ, իհարկե, «Այո՛»-ի ոգին։ «Գարուն» - ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, եւ մշակելով այն, վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի։

Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի եւ լոգոտիպի սահմանումը, ինչպես նաեւ հեղինակային իրավունքի խախտման կարգը։ «Գարուն» - ը որեւէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել։

Հարգելով Նորայր Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի, Ստեփան Նորոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք «Այո՛» շտաբի որոշմանը։ «Գարուն» գործակալության ստեղծած եւ մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը, եւ մեր գաղափարը կծառայի իր նպատակին։
Շնորհակալ ենք բոլորին՝ արտահայտած հետաքրքրության, կարծիքների եւ սատարման համար»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար «Այո»-ի կողմի հայտարարած մրցույթի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո Ֆեյսբուքում տեղեկություն տարածվեց, որ այդ լոգոն գրագողություն է և մրցույթի պայմաններով 3 միլիոն դրամ շահած «Garoon agency» ընկերությունը կրկնoրինակել է 1991թ. Անկախության հանրաքվեի լոգոն։