Հայ զբոսաշրջիկները հրաժարվում են մեկնել արտերկիր կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

հասարակական

Արդեն մեկ ամիս է, ինչ նոր տիպի կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը մեծ վնասներ է հասցրել բազմաթիվ երկրների տնտեսություններին, այդ թվում և զբոսաշրջությանը։ Այս իրավիճակից անմասն չեն նաև հայկական տուրիստական ընկերությունները։ Թեմայի վերաբերյալ 24News-ը զրուցել է տարբեր տուրիստական գործակալությունների աշխատակիցների հետ։ 

«Կորոնավիրուսի հայտնաբերման օրվանից տուրիստական ընկերության աշխատանքները պասիվ են», - նշեց  «Էվըլայն Վոյաժ» տուրիստական գործակալության աշխատակիցն ու հավելում՝ «այն մարդիկ, ովքեր ավիատոմս էին գնել, շտապում են չեղարկել իրենց թռիչքը։ Ավիաընկերությունն ինքն առաջարկում է հրաժարվել տոմսից, իրենք էլ համաձայնում են ու նշում, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսով»։ 

Մեկ այլ ընկերությունում էլ ասել են, որ «ունենք տուրիստներ, որոնք վաղ ամրագրում են կատարել՝ մատչելի ավիատոմս ու հյուրանոց ձեռքբերելու նպատակով, սակայն այդ մարդկանց շրջանում արդեն խուճապ կա․ հրաժարվում են ուղևորությունից նույնիսկ այն դեպքում, երբ հասկանում են, որ ավիաընկերությունը, տվյալ դեպքում «Ryanair»-ը, չի պատրաստվում իրենց նույնիսկ որոշակի փոխհատուցում տրամադրել։ «Ryanair»-ին հետաքրքիր չի՝ ինչ պատճառով է, որ չես մեկնում։ Մարդիկ 100 եվրոյով տոմս են գնում և եթե ուզում են ավիատոմսի անվանափոխություն կատարել, ստիպված են նույնչափ վճարել կամ օր փոխել 100 եվրո տուգանքով»։ 

Ավիաընկերություններն ասում են՝ թռիչքներ դեռ կան։ Եթե տուրիստը վախից չի գալիս, դա չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր ամրագրումը։ Կա նաև դեսպանատան խնդիրը՝ մարդիկ վիզա են ստացել ու չեն մեկնում։ 

«Վիզա ստանալ ու չմեկնել նշանակում է՝ հետագայում վիզա ստանալու հետ կապված խնդիրներ ունենալ»,- նշում է «Միրեյքլ» տուրիստական գործակալության աշխատակիցն ու պատմում գործակալության վնասների մասին՝ «միանշանակ կարող ենք փաստել, որ տուրիստական գործակալությունները հիմա վնաս են կրում»,-նշում է գործակալության աշխատակիցը։ 
«Ամրագրված յուրաքանչյուր հյուրանոցից ունենում ենք 1% միջնորդավճար, ու երբ քաղաքացին չեղարկում է պատվերը, ստացվում է, որ վնաս կրելով վերարդարձնում ենք ամբողջ գումարը՝ մեր եկամտի հետ միասին։ Եթե համեմատենք անցյալ տարին հիմիկվա հետ, կհասկանանք, որ մեծ վաճառքի անկում ունենք։ Անցյալ տարի այս ամիսներին արդեն ունեինք ամառվա համար ամրագրումներ։ Հիմա մարդիկ կիսաամրագրումներ են կատարում․ ուզում են հասկանալ՝ ինչ կլինի, հետո նոր դեսպանատուն մտնեն։ Մի կերպ ենք աշխատում՝ մանր-մունր ուղղություններով։ Այսօր արդեն Դուբայի մասով էլ խուճապ կար՝ կորոնավիրուսի պատճառով երկու հյուրանոց է փակվել», - հավելում  է աշխատակիցը։ 

Տուրիստական շատ գործակալություններ նշում են, որ կրած կորուստներն աներևակայելի մեծ են, բայց դեռ չեն շտապում՝ կոնկրետ թվերի մասին խոսել։ Չնայած, որ վիրուսը բացասական ազդեցություն է ունեցել տուրիստական գործունեության վրա, ներկայացուցիչները հավատում են, որ հիվանդությունն արդեն նահանջում է, ու որ ամառվա ամիսներին իրավիճակը կայուն կլինի։