Հայաստանի և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

սահման

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ․

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը։ 

Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:

Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»: