Վերին Լարսում գտնվող 140 ՀՀ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News 

Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:

Ընդգծեմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:

Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից»