Ապօրինի գույք ձեռք բերած ինչ-որ մարդիկ են կանգնած Ալեն Սիմոնյանին առնչվող միջադեպի հետևում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News 

«Այդպես է եղել հեղափոխությունից առաջ, այդպես է հետո և այդպես է լինելու միշտ. բռնության բացառումն ու մերժումը մեր քաղաքական թիմի սկզբունքներից է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Մակունցն անդրադարձել է նաև երեկ ԱԺ փոխնախագահի և «Ադեկվադ» միաբանության հիմնադրի միջև եղած դեպքին.

«Այս միջադեպը չպետք է դիտարկվի որպես առանձին դեպք։ Այն հետևանք է հանրային սպառնալիքների, սեռական բնույթի հայհոյանքների, որոնք օնլայն տիրույթից տեղափոխվել են օֆլայն տիրույթ»։

Մակունցը հավելել է՝ եթե ՀՀ քաղաքացիների արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովման համար իրավապահներին անհրաժեշտ է օրենքի շրջականերում ավելի գործիքակազմ, ապա Ազգային ժողովը պատրաստ է օժանդակել։

Պատգամավորը վերջին օրերին հենց Ալեն Սիմոնյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կապել է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ, և դրա հետ կապված Սիմոնյանի ելույթներին. «Կարծում եմ՝ կոնկրետ կապված են տեղի ունեցածի հետ»։

Հարցին՝ հստակ մարդի՞կ են կանգնած այս ամենի հետևում, Մակունցը պատասխանել է.

«Այո։ Այն բոլոր մարդիկ, ովքեր ապօրինի գույք են ձեռք բերել։ Անուններ չեմ կարող հնչեցնել, դա կոնկրետ մարմինների պարտականությունն է, երբ նրանք ունենան տվյալներ։ Բայց ես կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր ապօրինի գույքի հետ կապված ունեն մտավախություններ և Ալեն Սիմոնյանի հայտարարությունները նրանց դուր չեն եկել։ Կարծում եմ՝ այս ամենը փոխկապացված է»։