Վաղը նշանակված է իմ դեմ հարուցված քրեական գործի դատական նիստը. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News  

Արսեն Բաբայան

Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ, վաղը, մայիսի 14-ին, ժամը 16:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում նշանակված է իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման առթիվ հարուցված քրեական գործի դատական նիստը: Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես նշել է.

«Բազմաթիվ ընկերներ, գործընկերներ և աջակիցներ ցանկություն են հայտնել ներկա լինել դատարանում և այդպիսով իրենց զորակցությունը հայտնել:

Հաշվի առնելով Նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրիդ առողջությունը, գնահատելով բոլորիդ ցանկությունը, խնդրում եմ չգալ դատարան, իսկ պրոցեսին հետևել լրատվամիջոցներով:

Սիրելի ժողովուրդ, դատական այս ամբողջ պրոցեսն իրենից ներկայացնում է քաղաքական բիրտ հետապնդում, պրոցեսն սկսվել ու ամբողջությամբ ուղեկցվել է Սահմանադրության և օրենքների զավեշտալի և կոպտագույն խախտումներով, որին բոլորդ ականատես եք եղել, և որը, պաշտպանական թիմի հետ միասին, ամբողջությամբ կբացահայտնենք հենց դատաքննության ընթացքում: Վերահաստատում եմ, որ ինձ ոչինչ չի կանգնեցնելու: Ձեզանից գողացված հեղափոխությունը, ի հեճուկս գործող ռեժիմի, հաստատ վերադարձվելու է բոլորիդ...»