«Վարդաշեն» ՔԿՀ-ի մեկ հերթափոխի մասնակիցներ էին վարակվել, 8 դեպք ունեինք. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վարակման դեպք կա միայն «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

«Քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք դեպքեր հիմնականում «Վարդաշեն» ՔԿՀ-ի մեկ հերթափոխի մասնակիցներն էին վարակվել. 8 դեպք ունեինք,-ասել է նախարարը, ապա հավելել, որ ևս մի քանի կասկածելի դեպքեր են արձանագրվել:

«Դրանից հետո մի քանի կասկածելի դեպք ենք ունեցել, որտեղ թեստավորումներ ենք ունեցել. այս պահին որևէ թիվ չհրապարակեմ, որովհետև դեռ թեստերն ընթացքի մեջ են։ Մեկ դեպք ունեցել ենք ծառայողների շրջանում՝ Սևանում և Հրազդանում»,-ասել է նախարարը։

Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ կորոնավիրուսի տարածման տեմպերն ու հեշտությունը բերելու է մի իրավիճակի, որ մի օր ունենանք վարակված դատապարտյալ, բայց դա, ըստ նախարարի, չի նշանակում, որ կատաստրոֆա կլինի, քանի որ դատապարտյալների հիվանդանոցում կա հատուկ կահավորված 2 մասնաշենք, որտեղ արդյունավետ բուժումն, արդյունավետ վերահսկողությունն ու մեկուսացումը հնարավոր կլինի ապահովել: