Պարետի որոշմամբ՝ հնարավոր դեպքում շինհրապարակում պետք է սահմանել հերթափոխային աշխատանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

շինհրապարակներպարետիորոշում

Շինարարական հրապարակներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններն՝ ըստ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Շինարարական հրապարակներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում շինարարական հրապարակներում
աշխատանքի կազմակերպման ժամանակ կիրառվում են ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում.

1) Անհրաժեշտ է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու):

2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված
կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 և բարձր տարիքի անձինք,
գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ
հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Շինարարական տարածքի մուտքի/ելքի մոտ պետք է բացառել անձանց կուտակումները:

4) Արգելվում է ոչ հիմնական աշխատակազմի և կողմնակի անձանց մուտքը շինարարական հրապարակ:

5) Աշխատանքի ժամանակացույցը պետք է կազմել այնպես, որ պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպման համար:

6) Հանդիպում-քննարկումները կազմակերպվում են բացօթյա՝ միայն առանցքային աշխատողների մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը (1.5 – 2 մետր):

7) Հնարավոր բոլոր դեպքերում պետք է սահմանել հերթափոխային աշխատանք:

8) Խմբային աշխատանք ենթադրվելու դեպքում՝ անհրաժեշտ է հնարավորինս կրճատել այդ աշխատանքների ժամանակահատվածը: Նման աշխատանք իրականացնողների խմբերը հաշվառվում և գրանցվում են:

9) Շինարարական հրապարակում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար:

10) Շինարարական հրապարակում տեղակայվում են միակողմանի աստիճանահարթակներ` նվազագույնի հասցնելով աշխատողների միջև շփումը:

11) Շինարարական հրապարակի տարածքում ապահովվում են ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

12) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

13) Անհրաժեշտ է առանձնացնել առաքման գոտիները, որտեղ հանդիպում են միայն առաքիչները և ապրանք ստացողները: Հնարավորության սահմաններում սահմանափակվում են առաքիչի և ստացողի միջև փոխանցումները ( օրինակ՝ առաքման փաստաթղթեր, գրիչներ ստորագրությունների համար): Առաքման ընթացքում առաքիչները մնում են իրենց տրանսպորտային միջոցներում, ապրանքները բեռնաթափվում են անհատական պաշտպանիչ միջոցներ կրող աշխատողների կողմից:

2. Աշխատողների համար կանոններ.

1) Ապահովվում է աշխատողների ջերմաչափում՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:

2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը շինարարական հրապարակ:

3) Շինարարական հրապարակում աշխատողները պարտադիր կրում են պաշտպանիչ դիմակներ:

4) Սնվելու համար անհրաժեշտ է առանձնացնել տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք, որտեղ ևս պահպանվում է սոցիալական հեռավորություն:

5) Ընդմիջումներին սնվելու համար պետք է օգտագործել բացօթյա տարածքներ, և ընդմիջումների ժամանակցույցը կազմել այնպես, որ միաժամանակ քիչ թվով աշխատողներ գտնվեն նույն վայրում:

6) Անհրաժեշտ է սահմանափակել այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները և այլն, կամ ապահովել ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար:

7) Շինարարական հրապարակի տարբեր գոտիներում, սնվելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև ֆիզիկական հեռավորության պահպանման նպատակով:

8) Աշխատանքի ավարտից հետո արգելվում է աշխատողների խմբային հավաքը:

3. Բնակեցված վայրերում շինարարական աշխատանքերի անվտանգությունը

9) Անհրաժեշտ է առավելագույնս նվազեցնել շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների շփումը բնակիչների հետ:

10) Պետք է բացառել ոչ անհետաձգելի շինարարական աշխատանքների իրականացումը, եթե տվյալ բնակելի տարածքում գրանցվել է կորոնավիրուսային վարակ կամ կան մեկուսացման ռեժիմում գտնվող բնակիչներ: Անհետաձգելի շինարարական աշխատանքների դեպքում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողներն աշխատում են ձեռնոցներով, պաշտպանիչ արտահագուստով և դիմակներով:

11) Շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների ձեռքերն ու գործիքներն ախտահանվում են նախքան աշխատանքային տարածք մուտք գործելը և այնտեղից դուրս գալուց, աշխատանքային տարածքի ցանկացած մակերես կամ սարքավորում ախտահանվում է նախքան աշխատանքի մեկնարկը: