24-ամյա քաղաքացին ապրիլին վարկ ձևակերպելու պատրվակով խարդախություն է արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

վարկ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից վարկեր տրամադրելու պատրվակով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը խմբի կազմում, ինչպես նաև միայնակ, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ,  2020թ. փետրվարից ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում  արագ վարկ տրամադրելու մասին հայտարարություններ է տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, որի միջոցով վերջինիս հետ կապ հաստատելով՝ տարբեր քաղաքացիներ իրենց անվամբ վարկ ձևակերպելու ցանկություն են հայտնել: 

Երիտասարդը, ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից,  քաղաքացիներից պահանջել ու ստացել է նրանց անձնագրային տվյալները, որոնք առցանց եղանակով մուտքագրելով վարկային կազմակերպության կայքում, ձևակերպել է վարկային հայտեր, որոնք հաստատվել են: Գումարը տրամադրելու նպատակով երիտասարդը հանդիպել է նրանց հետ, վերջիններիս տրամադրել վարկի գումարները: Այնուհետև վարկային կազմակերպության հաշվեհամարին հետ փոխանցելու պատրվակով վերջինս այդ գումարները վճարային տերմինալի միջոցով փոխանցել է իր էլեկտրոնային դրամապանակին, ապա տարբեր պատրվակներով հեռացել է՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով նշված գումարներն ու քաղաքացիներին պատճառելով խոշոր և զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի (խարդախություն) 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու, հայտնաբերելու, ինչպես նաև՝ նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս