Պատգամավոր Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու դեպքով կալանավորվածն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

հասարակական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալ Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էմին Բեգլարյանը.

«Հենց նոր դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ «հեծանվի գործով» իմ և փաստաբան Կարեն Մեջլումյանի կալանավորված պաշտպանյալն ազատ արձակվեց հիմնավոր կասկածի և հիմքերի բացակայությամբ»:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, թե անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է իր ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել:

Ալեքսանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։