Միացյալ Նահանգները բացառում է ԼՂ խնդրի ռազմական կարգավորումը. ԱՄՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը: Նա ընդգծել է, որ որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը՝ վերահաստատելով իր ամուր աջակցությունը նրանց աշխատանքին:

«Մենք գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով ձեր համագործակցությունը կողմերի հետ: Մենք շնորհակալ ենք բոլորիդ, այդ թվում և Բարձր մակարդակի պլանավորման խմբին ձեր զեկույցների ու թարմացումների համար»,- ընդգծել է նա:

Մակրիսը նշել է, որ Միացյալ Նահանգներին ոգևորել են երկրների ղեկավարների ու արտգործնախարարների մակարդակով վերջին կառուցողական շփումները: «Այս շփումները ուղղակի ու դրական դիվիդենտներ են տալիս: Թե՛ երեք համանախագահները, թե՛ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հաղորդել են, որ վերջին երկու ամիսներին շփման գծում և հակամարտությունից տուժած գոտիներում բռնության նվազեցում է նկատվում: Կողմերը պետք է օգտվեն ընձեռնված հնարավորությունից՝ գտնելու ուղիներ հակամարտության կարգավորումն առաջ մղելու համար»,- շեշտել է նա:

Գրեգորի Մակրիսն ընդգծել է, որ համանախագահները  կողմերին առաջարկել են լարվածության թուլացման ու հաղորդակցման բարելավման մի քանի քայլեր, որոնց ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում: Նա համոզմունք է հայտնել, որ արտգործնախարարների միջև հանդիպումները կարող են դրական ազդեցություն գործել առաջարկված միջոցները կյանքի կոչելու գործում:

«Այս հակամարտությունն արդեն շատ երկար է շարունակվում: Եկել է ժամանակը, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից և նախապատրաստեն իրենց բնակչությանը խաղաղությանը: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար»,- նշել է նա:

Դիվանագետը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մեծապես կարևորում է ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Նրա խոսքով՝ այդ պատճառով վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգներն այնպիսի բարձրաստիճան պատվիրակների ուղարկեց Հայաստան ու Ադրբեջան, ինչպիսիք են Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը և փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:

«Միացյալ Նահանգները կիսում է այն տեսակետը, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ: Ստատուս-քվոն անընդունելի է: Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ հանուն տևական ու խաղաղ հանգուցալուծման, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա՝ ինչպես նշվում է Հելսնիկյան եզրափակիչ ակտում»,- հայտարարել է Գրեգորի Մակրիսը:

Տեսանյութեր

Live

Լրահոս