Ադրբեջանական կողմը շարունակում է կրակը Տավուշում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքի ուղղությամբ

ԵՐԵՒԱՆ, 12 ՀՈՒԼԻՍ, 24News

ՀՀ ԶՈՒ

Ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել Տավուշի ուղղությամն տեղակայված հայկական դիրքը, որտեղ առավոտյան ներթափանցման փորձ էր արել և, տալով սպանվածներ ու վիրավորներ, հետ էր շպրտվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն  դիրքի ուղղությամբ  82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - նշել է նա։ 

Ավելի վաղ  Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: