«Amazon» ընկերությունը կայքից հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող գիրքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News

անազոն

Asbarez.com կայքում իր հեղինակային հոդվածում Շանթ Ջարչաֆջյանը տեղեկացրել է, որ իր բողոքի արդյունքում հայտնի Ամազոն ընկերությունը կայքից հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող մի գիրք։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Չնայած «Amazon» ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն Ջարչաֆջյանը նշում է, որ իրեն Ջեֆ Բեզոսի անունից իր բողոքին ի պատասխան էլեկտրոնային նամակ է ուղարկվել։

Շանթ Ջարչաֆջյանն Ամազոն ընկերությանը գրել էր, որ կայքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատություններ որոնելիս հանդիպել է ցեղասպանությունը ժխտող գրքերի։ Նա իր նամակի մեջ հույս էր հայտնել, որ ընկերությունը հավատարիմ կմնա իր որդեգրած սկզբունքներին ու անհրաժեշտ քայլեր կիրականացնի այս ուղղությամբ։

Պատասխան նամակում ընկերությունը շնորհակալություն է հայտնել Շանթ Ջարչաֆջյանին իրենց ուշադրությունը այդ հանգամանքի վրա հրավիրելու համար և տեղեկացրել, որ «Հայոց ցեղասպանություն. Մեծ սուտը» վերնագրով գիրքը հեռացվել է կայքից։  

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս