Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

«Ուրախ ենք ողջունելու Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Անշուշտ, գիտենք, որ երկրի առջև բազում մարտահրավերներ կան, և կարևոր իրադարձություններ նաև առջևում են՝ Ազգային ժողովի ընտրությունները: Մեր ցանկությունն է և մեր մաղթանքը, որ ընտրությունները խաղաղ ընթացք ունենան, ընթանան համերաշխ մթնոլորտում առանց անցանկալի միջադեպերի, նպաստեն մեր ժողովրդի, մեր երկրի բարի անվան և բարի հեղինակության բարձրացմանը, արդյունքներն էլ նպաստեն մեր երկրի առաջընթացին: Կրկին մեր լավագույն բարեմաղթանքները Ձեզ և բարի գալուստ Սուրբ Էջմիածին»,-ասել է Գարեգին Բ-ն:

«Մեզ համար, մեր ժողովրդի, մեր երկրի համար Հայ առաքելական եկեղեցու արժեքներն ունեն ինքնության համար առանցքային նշանակություն: Այս ընկալումը մեզ միշտ էլ առաջնորդել է և շարունակում է առաջնորդել:

Ձեր խոսքում ասացիք, որ ընտրությունները խաղաղ անցնեն: Հետաքրքիր է, որ Հայաստանում այդպիսի ընկալում կա. ընտրություններ և խաղաղություն հասկացությունները, մեզ հայտնի հանգամանքների բերումով, սկսել են որպես հականիշ ընկալվել, բայց ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այլ կերպ լինել ուղղակի չի կարող, և Հայաստանում ընտրությունները միանշանակ կանցնեն խաղաղ: Ընդհանրապես ժամանակն է, որ մենք ընտրություններ և խաղաղություն հասկացությունների խորքում հակադրություններ չնկատենք: Այդպես լինելու է միշտ. մեր ժողովուրդը որոշում է կայացնելու, և ինչ որոշում էլ կայացնի մեր ժողովուրդը, դա դառնալու է քաղաքական իրողություն: Սա է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կարևորագույն իմաստներից մեկը»,-ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։