Դպրոցների բացումից ու ցուրտ սեզոնից սկսած` կարող է լինել կորոնավիրուսի նոր ալիք. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

Թորոսյան

Կորոնավիրուսի երկրորդ ալիք կամ կրկնակի ակտիվացում կարող ենք սպասել՝ սկսած մարդկանց մեծ շարժունակությունից, դպրոցների բացումից, ինչպես նաև ցուրտ սեզոնից, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հայտնելով, որ դա հասկանալով ու հաշվարկելով են որոշում կայացրել:

«Մենք հասկանում ենք, որ առանց դասերի վերսկսման՝ կունենանք կրթության իրավունքից զրկված հարյուր հազարավոր երեխաներ, որոնք, նաև մենք, անցյալ կիսամյակի դասապրոցեսից հասկացանք, որ հեռակա կրթությունը ոչ մի կերպ չի կարող փոխարինել առկա կրթությանը: Բայց միաժամանակ պետք է համակերպվենք կանոններով դասի գնալուն, որովհետև դրա այլընտրանքը դասի չգնալն է», - նշել է նախարարը:

Թորոսյանն օրինակ է բերել. եթե դասարանում ունեն մեկ աշակերտ, որը վարակված է, բայց չունի սիմպտոմներ, և եթե մյուսները չկրեն դիմակներ, չպահեն սոցիալական հեռավորությունն ու նույն կերպ շփվեն, ունենալու են 100 տոկոսանոց ցուցանիշ իրենց ընտանիքներում, որտեղ արդեն կլինեն ավելի խոցելի անձինք, չնայած երեխաներին ևս պետք է պաշտպանել: Նախարարը շեշտել է՝ եթե աշնանն ունենանք օրական նույնիսկ 1000 նոր դեպք, առողջապահական համակարգը պատրաստ է սպասարկելու բոլոր հիվանդներին:

--00--ԱԹ