Ինչպե՞ս են ամերիկյան պատժամիջոցներն ազդում Հայաստանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Անցնող շաբաթ ԶԼՄ-երը շատ հպանցիկ անդրադարձան Իրանի քաղաքացիների բողոքին: Բողոքում էին Հայաստանի բանկերից: Թվում է՝ դա չի կարող հետաքրքիր լինել ո՛չ Հայաստանի կառավարությանը, ոչ էլ Հայաստանի լայն հասարակությանը: Բայց արի ու տե՛ս, լուրն այնքան կարեւոր էր, որ դրան անդրադարձավ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իրանի քաղաքացիները բողոքում էին, որ Հայաստանի բանկերը մեկ գիշերվա մեջ փակել են իրենց բոլոր հաշիվներն ու քարտերը: Ավելին, պարզվեց, որ փակվել են նաեւ Իրանի այն քաղաքացիների հաշիվները, որոնք, միաժամանակ, ունեն Հայաստանի քաղաքացիություն: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ է կատարվում եւ ի՞նչն է կարեւորությունն այս լուրի, որ անգամ վարչապետը դրան անդրադարձավ:

Խոսքն ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ ֆինանսական նոր պատժամիջոցների մասին է: Պատժամիջոցներ, որոնք երբեք այսքան խիստ չեն եղել: Հայաստանի համար, որն Իրանի անմիջական հարեւանն է, լուրջ դերակատարում ունի արցախյան հարցում, շատ նուրբ ու չափազանց դժվար խնդիր է առաջացել: Անհրաժեշտ է հասկանալ այդ պատժամիջոցների հետեւանքները, մանավանդ, որ պատժամիջոցներ կան նաեւ մեր մեկ այլ կարեւոր գործընկերոջ՝ Ռուսաստանի նկատմամբ:

ԱՄՆ պատժամիջոցների բնույթը հասկանալու համար, առաջին հերթին, պետք է պատկերացում ունենալ ԱՄՆ տնտեսության ու ֆինանսական համակարգի մասին: Այսօր ԱՄՆ տնտեսությունը երկրագնդի խոշորագույն տնտեսությունն է, իսկ ֆինանսական համակարգը շատ ավելի խոշոր ու մեծածավալ, քան անգամ ԱՄՆ տնտեսության մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում: ԱՄՆ դոլարը, որպես արժույթ, այսօր սպասարկում է համաշխարհային տնտեսության ու առեւտրի 70%-ից ավելիին, իսկ ֆինանսական համակարգն իր մեծությամբ համաշխարհային ֆինանսական համակարգի կեսից ավելին է:

Մյուս կողմից, պետք է նաեւ իմանալ, որ ԱՄՆ-ից դուրս ցանկացած երկրում գտնվող կանխիկ դոլարը կամ որեւէ բանկում առկա դոլարային հաշվի կամ ավանդի մնացորդը, միաժամանակ, ոչ միայն հաշվառված է, այլեւ ֆիզիկապես «գտնվում» է ԱՄՆ տարածքում գործող որեւէ բանկում: Թվում է աբսուրդ, բայց այդպիսին է ներկա ֆինանսական համակարգի էությունը: Օրինակ, եթե դուք Հայաստանի որեւէ բանկում ունեք դոլար, ապա տվյալ բանկն այդ դոլարը մեծամասամբ պահում է ոչ թե կանխիկ՝ իր դրամապահոցում, այլ օտարերկրյա թղթակից որեւէ բանկում, որպեսզի ստանա տոկոսային եկամուտ կամ ապահովի արտաքին առեւտրով պայմանավորված միջազգային փոխանցումներ:

Օտարերկրյա այդ թղթակից բանկը կարող է լինել ամերիկյան բանկ, կարող է լինել նաև մեկ այլ երկրի բանկ: Եթե այն մեկ այլ երկրի բանկ է, ապա այդ բանկը նույնպես պահում է Հայաստանի բանկից ստացած դոլարն իր թղթակից մեկ այլ բանկում՝ կրկին տոկոսային եկամուտ ու փոխանցումներ սպասարկելու նպատակով: Եվ այդպես այնքան ժամանակ, մինչեւ այդ դոլարը հասնի ամերիկյան որեւէ բանկի, որն էլ, իր հերթին, այն պահում է ԱՄՆ կենտրոնական բանկում՝ Ֆեդերալ ռեզերվային բանկերից մեկում: Այս նույն սխեման աշխատում է նաեւ կանխիկ դոլարի պարագայում, որովհետեւ, վերջիվերջո, այդ դոլարները կանխիկ ստացվում են ԱՄՆ որեւէ բանկից, որը վարում է դրանց խիստ հաշվառում: Ի դեպ, այս նույն մոտեցումն աշխատում է ցանկացած արժույթի պարագայում: Եթե մեր երկրում կա ռուսական ռուբլի, ապա այն, իրականում, պահվում է ռուսական բանկերից մեկում, իսկ, եթե, օրինակ, Վրաստանում կա հայկական դրամ, այն պահվում է հայկական բանկերից մեկում: Այս ամենը սովորական քաղաքացիները չեն զգում ու չեն էլ իմանում, բայց այսպիսին են ժամանակաից ֆինանսական աշխարհի գործունեության կանոնները:

Հիմա, արդեն իմանալով այս ամենը, կարծում ենք հասկանալի է, որ, երբ ԱՄՆ-ը սահմանում է ֆինանսական պատժամիջոցներ Իրանի նկատմամբ, դա ավտոմատ տարածվում է ցանկացած երկրի կամ մասնավոր կառույցի վրա, որն օգտագործում է ԱՄՆ դոլար: Այսինքն, եթե մենք վերցնենք Հայաստանի օրինակը, ստացվում է, որ չնայած մեր կառավարությունը որեւէ օրենք, որոշում, մոտեցում չի որդեգրել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առումով, միևնույնն է, Հայաստանի որեւէ բանկ չի կարող չհետեւել ԱՄՆ կառավարության որոշմանը: Եթե չհետեի, ապա նա այլեւս հնարավորություն չի ունենա քաղաքացիներից ընդունել ԱՄՆ դոլար կամ սպասարկել Հայաստանի բիզնեսի օտարերկրյա փոխանցումները, առեւտուրը: Այդ ամբողջն ավտոմատ կսառեցնի հայաստանյան բանկերի օտարերկրյա թղթակցային հաշիվներն արտասահմանում:

Ստացվում է, որ ԱՄՆ կողմից կիրառվող պատժամիջոցներն Իրանի նկատմամբ ստեղծում են լրացուցիչ ռիսկեր Հայաստանի համար: Մի կողմից, Իրանը մեր հարեւանն է, մեծ դերակատարում ունի Հայաստանի արտաքին անվտանգության հետ կապված հարցերում ու սկզբունքորեն կարող է, ի պատասխան Հայաստանի բանկերում հաշիվների սառեցման դեմ իր քաղաքացիների բողոքի, փոխել դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի որեւէ ֆինանսական կառույց չի կարող չենթարկվել ԱՄՆ որոշումներին, քանի որ այդ նույն պահին կտրված կլինի ԱՄՆ դոլարից, ինչն էլ կձեւավորի նոր խնդիրներ արտաքին տնտեսական անվտանգության հարթությունում:

Այդ ամբողջ նկարը վերջնականացնելու համար կարեւոր է իմանալ եւս երկու դրվագ:

Այսօր Հայաստանում գործող 17 առեւտրային բանկերից միայն երկուսի մոտ են մնացել թղթակցային հաշիվներ ԱՄՆ բանկերում: Չնայած ժամանակին գրեթե բոլոր բանկերն ունեին նման հաշիվներ ԱՄՆ-ում, վերջին տասնամյակում ՌԴ, Իրանի նկատմամբ վարվող քաղաքականությունը չի շրջանցել նաեւ Հայաստանը: ԱՄՆ  բանկերը, գնահատելով իրենց ռիսկերն, աստիճանաբար փակել են բոլոր այդ հաշիվները:

Այսօր մեր բանկերի մեծամասնությունն իրենց ԱՄՆ դոլարները պահում են Եվրոպայում կամ Վրաստանում, իսկ արդեն եվրոպական ու վրացական բանկերն այդ դոլարները տեղափոխում են ԱՄՆ, սակայն տարեցտարի, ամսեամիս ԱՄՆ քաղաքականությունը խստացվում է, և ոչ ամերիկյան բանկեր ավելի ու ավելի են ստանում նոր արգելքներ այլ երկրների բանկերից դոլարային հոսքեր սպասարկելու առումով: Այսինքն, ըստ ամենայնի, հեռու չէ այն ժամանակը, երբ նույն վրացական կամ եվրապական բանկերն այլեւս չեն կարողանալու վերցնել դոլարներ հայկական բանկերից, ու Հայաստանի ամբողջ բանկային համակարգն իր կապն արտաքին աշխպարհի հետ պահելու է ԱՄՆ ում այսօր թղթակից բանկ ունեցող հայկական վերջին երկու բանկերի միջոցով: Ստացվում է՝ երկրի տնտեսական անվտանգության համար չափազանց կարեւոր է, որ վերջին երկու բանկերի թղթակցային հաշիվներն ԱՄՆ-ում չփակվեն: Նաև ստացվում է՝ չափազանց կարեւոր է, որ այդ բանկերը երբեւէ չսպասարկեն այնպիսի անձանց հաշիվներ, որոնք կարող են հարուցել ԱՄՆ ի «դժոգությունը»:

Ներկայացված խճանկարի վերջին դրվագը. ԱՄՆ պատժամիջոցները ՌԴ նկատմամբ դեռեւս այնպիսի խստություն չունեն, ինչպիսին է խստությունն Իրանի նկատմամբ, բայց, օրինակ, արդեն այն, ինչ եղել է «Արմենալի» հետ, որը ստիպված էր կանգնեցնել արտադրությունը և որեւէ հայկական բանկում այլեւս չունի ու չի կարող ունենալ դոլարային հաշիվ, հուշում է՝ այն  օրը, երբ ԱՄՆ-ը խստացնի պատժամիջոցները ՌԴ նկատմամբ, Հայստանը կանգնելու է եւս մեկ նուրբ ու չափազանց դժվար մարտահրավերի առջեւ: