90000 մարդ տեղահանված է, ոչնչացված է 8000 անշարժ գույք. ասում եք՝ Արցախին մենա՞կ թողնենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Դոյչե Վելլեին»՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը և այդ համատեքստում նաև «վիճելի տարածքում» կառուցվախ ճանապարհին: 

Հարցազրուցավարը հիշեցրել է՝ ԵՄ մի շարք խորհրդարանական հանձնաժողովներ դատապարտել են այդ քայլը՝ հայտարարելով, որ «մայրուղու կառուցման որոշումը կայացվել է միջազգային իրավունքի խախտմամբ՝ առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության»: Հարցազրուցավարը դա որակել է ոչ թե «սադրանքներ լոկ խոսքով», այլև գործողություններ:

Զոհրաբ Մնացականյանն իր հերթին հայտարարել է, որ արդեն 30 տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախն աշխարհից մեկուսացնելու համար՝ արգելափակելով այն ամենը, ինչը կարող է նպաստել Արցախում բնականոն կենսապահովմանը, արգելելով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված Արցախում  մարդկանց  բնականոն կյանքի ապահովմանը:

«Արցախում մարդիկ են ապրում: Տեսեք, հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ 90,000 մարդ տեղահանված է, ոչնչացված է 8,000 միավոր անշարժ գույք և ենթակառուցվածք: Արցախում մարդասիրական իրավիճակ է, և ի՞նչ ունենք մենք. արդյո՞ք պետք է նրանց միայնակ թողնենք: Արդյո՞ք մենք պետք է անտեսենք մեր ժողովրդի, մեր հայրենակիցների կյանքերը: Մի՞թե այդ կյանքերը նվազ կարևոր են»,-ասել է Մնացականյանը:

Ի պատասխան՝ հարցազրուցավարը փորձել է ճշտել՝ այդուամենայնիվ, ԱԳ նախարարն ընդունո՞ւմ է, որ հայկական կողմի ձեռնարկած գործողությունները այդ շրջանում սադրիչ են, Մնացականյանը պատասխանել է. «Ներողություն, ես պետք է կրկին ասեմ: Ի՞նչը սադրիչ չէ. թողնել, որ մեր ժողովուրդը ճնշվի Արցախում: Թողնե՞նք մեր ժողովրդին մեկուսացման մեջ Արցախում: Նրանք պակա՞ս կարևոր են, քան աշխարհի որևէ այլ ժողովուրդ: Կներեք, ես չեմ կարող սրա հետ համաձայնվել, երբեք էլ չեմ համաձայնվի: Մեր ժողովուրդը չպետք է ճնշվի: Նրանք էլ մյուսների պես մարդիկ են: Եվ հենց սա է Արցախի նկատմամբ նրանց քաղաքականությունը` նվաստացնել, մերժել արժանապատության, ապահովության և անվտանգության մեջ ազատ ապրելու նրանց իրավունքը: Եվ հիմա Դուք ինձ ասում եք, որ այն, ինչ մենք անում ենք՝ ապահովելու մեր հայրենակիցների բնականոն կյանքով ապրելու հնարավորությունը, սադրիչ գործողությո՞ւն է: Ես չեմ կարող համաձայնվել դրա հետ»:

--00—ԼՄ