ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Արսեն Թորոսյանը, անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան:
«Նրանց մի մասը նպատակային չեն զբաղվում կորոնավիրուսով, որովհետև մեզ համար եղել են ռեզերվային հոսպիտալներ՝ ռազմական գործողությունների ժամանակ այլ ուղղություններով ծավալվելու համար: Այդ նպատակով էլ դրանք նպատակային կերպով դատարկ են թողնվել:
Միաժամանակ, կան հիվանդանոցներ, որոնց թիվը շատ քիչ է, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսով, քանի որ ունեն թթվածնով ապահովման խնդիր: Ինչպես ամռանը, այժմ էլ թթվածինը հիմնական խնդիրն է: Ճիշտ է՝ ձեռք էինք բերել մեծ հզորություններ, մի քանի կայաններ՝ Եվրոպայից, այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Ժամանակին մենք թթվածին էինք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ներկրում ենք Վրաստանից: Եվս 4 կայան ենք ձեռք բերել Չինաստանից»-ասել է նախարարը և հավելել, որ թթվածինը ձեռք ենք բերում դժվարությամբ, այդ թվում՝ Վրաստանից, քանի որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում:
«Մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ: Կրկին ուշադրությունը պետք է դարձնենք թվերը նվազեցնելու վրա, ինչով պետք է զբաղվենք բոլորս և ինչի կոչ մենք միշտ անում ենք: Սա է այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը, նաև հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, երբ միշտ ակտիվանում են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է առողջապահության նախարարը:
--00—ԼՄ