Սյունիքում այլընտրանքային ճանապարհը կարևոր է․ կվերակառուցվի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

Տաթև

Այսօր շատ կարևոր է Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ ունենալը: Գործող ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են մնում Հայաստանի տարածքից, այլընտրանքային ուղիների անհրաժեշտություն ունեն: Ժամանակին ռելիեֆով պայմանավորված օգտագործվել են ավելի հարմար հատվածները և ճանապարհն այդ սկզբունքով է կառուցվել: Նաև խորհրդային տարիներին երկու հանրապետությունների տարածքներով անցնելու խնդիր չի եղել: Միգուցե դրանով պայմանավորված են այդպես կառուցել կամ գուցե եղել է Խորհրդային Միության քաղաքականությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Ասեմ, որ Սյունիքի մարզպետի միջնորդությամբ, առաջարկությամբ, անցկացրել ենք քննարկումներ և որոշում ենք ընդունել վերակառուցել Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը: Սա Կապան տանող այլընտրանքային ճանապարհ է, որի շինարարական աշխատանքները 2020 թվականին 12.5 կմ հատվածի վրա կատարվել են: Մինչ այդ՝ դեռ 2016 թվականին, մեկնարկել էր ու 2018-ին ավարտվել էր ևս 6 կմ ճանապարհի շինարարական աշխատանք: Մեր իշխանության շրջանում կառուցվել է 6 կմ, գումարած 12.5 կմ հատված: Ճանապարհի զբոսաշրջային հատվածի որոշումն ընդունվել է մեզնից առաջ, մենք դրա շարունակականությունն ենք ապահովել: Այս տարի, ինչպես նշեցի, մենք կառուցել ենք 12.5 կմ հատվածը, որը Տաթև- Աղվանի ճանապարհահատվածն է և Տաթև-Կապան ճանապարհի ընդամենը մի կտորն է: Մնացածի մասով, շուրջ 21 կմ հատվածի աշխատանքները կարվեն արդեն 2021 թվականին: Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ մենք նախագծային աշխատանքներ կատարելիս որոշակի փոփոխություններ ենք կատարում նաև չափորոշիչների մեջ, որպեսզի ճանապարհի կարգը, լայնքը վերանայվի: Այնպիսի ճանապարհ լինի, որ անհրաժեշտության դեպքում կարողանան անցնել բեռնատար ավտոմեքենաները»,- նշել է նախարարը:

Հարցին, թե ո՞ր այլ ուղղություններով են ճանապարհների հետ կապված խնդիրներ առաջացել և ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Օրինակ, Կապան համայնքի ղեկավարը որպես խնդրահարույց առանձնացրել էր Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ  ուղղությունները, Պապիկյանը պատասխանել է՝ 

«Ներկա պայմաններում առաջացել են խնդիրներ Գորիս-Կապան ուղղությամբ, այնտեղ 5 հատված կա, որտեղ ճանապարհը մուտք է գործում հարևան երկրի տարածք և կրկին մտնում Հայաստանի տարածք: Ես նշեցի, որ դա պայմանավորված է եղել նաև ռելիեֆով: Այս ուղղությամբ արդեն հանձնարարական կա, որ այս ճանապարհի երկայնքով նույնպես հնարավոր այլընտրանքային հատվածներ գտնվի, որպեսզի ամբողջ ճանապարհահատվածն անցկացնենք Հայաստանի Հանրապետության տարածքով: Սա մի քիչ բարդ է, որովհետև ունենք դժվարանցանելի հատվածներ: Չեմ բացառում, որ անհրաժեշտություն ունենանք թունելային լուծումների: Խնդիր կա նաև Կապան-Ագարակ ճանապարհահատվածում: Այս ուղղությամբ կա այլընտրանքային ճանապարհ, որը գրունտային է: Հիմա իմ կողմից կա հանձնարարական նախագծման աշխատանքներ սկսել ու ճանապարհը վերակառուցել: Չնայած անցանելիությունն ապահովվում է, գյուղ հասնելու խնդիր չկա, բայց մենք ամեն ինչ կանենք, որ 2021-ին հնարավոր լինի անցնել ասֆալտապատ ճանապարհով:

Ինչ վերաբերում է Կապան-Ճակատեն հատվածին, ապա այն վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից, ինչպես Գորիս-Կապանի 21 կմ հատվածը: Այս փուլում այնտեղ անցանելիության խնդիր չկա»:

 --00—ՄՀ