ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News
Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրանա 2019 թվականի ընթացքում: Այդ մասին հայտարարել է երկրի բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռուժին՝ BFM հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը չորեքշաբթի հաստատել է կառավարության առաջարկած հարկային միջոցառումների փաթեթը: Այժմ խորհրդարանի վերին պալատը պետք է արտահայտի իր դիրքորոշումն այս հարցում:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը խոստացել էր ընդառաջ գնալ ցուցարարների պահանջին և 6 ամսով հետաձգել վառելիքի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը: Դա արվելու էր «դեղին անթև բաճկոնների»` նոյեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաներին, փողոցային անկարգություններին վերջ տալու նպատակով:
Հատկանշական է, որ երեք շաբաթ առաջ, երբ բողոքի ակցիաները դեռ նոր էին սկսվել, վարչապետն ու նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում էին վառելիքի գների բարձրացման որոշման անբեկանելի լինելու մասին: