Հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար պետք է լինի արդարացի որոշում․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում երեք երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ  Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահի ստորագրած համատեղ հայտարարության պայմանավորվածությունները հերթականությամբ իրականացվում են։

Նա նշել է, որ Ռուսաստանի համար թանկ են գործընկերային և բարիդրացիական հարաբերությունները, որոնք կապում են երկրներն ու ժողովուրդները․

«Մենք մարդկանց ճակատագրերի համար տագնապով և անկեղծ անհանգստությամբ էինք հետևում բռնկված ռազմական բախմանը: Լայնածավալ ռազմական գործողությունները, ցավոք, հանգեցրին զգալի մարդկային զոհերի, սրեցին առանց այն էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում, մեծացրին ահաբեկչության տարածման ռիսկերը»,- ասել է Պուտինը և նշել, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել նրա համար, որ դրական ընդունվեց ռուսական կողմի միջնորդական ջանքերը, որոնք ուղղված էին նրան, որ օգնեն դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը և հասնել կրակի հաստատուն դադարեցմանը:

« Մենք մշտական կապի մեջ էինք, միասին փնտրում էինք կոմպրոմիս, որի հետևանքով նոյեմբերի 9-ին համաձայնեցվեց եռակողմ հայտարարություն, որը մենք միասին ստորագրեցինք: Այսօր կարող ենք գոհունակությամբ ընդգծել՝ եռակողմ համաձայնությունները հերթականությամբ իրականացվում են»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը նշեց, որ ռուսական կողմը շարունակում է իր գործողությունները քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ:

«Հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու համար հայկական և ադրբեջանական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահներ են տեղակայվել: Հիմա տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է: Ռուսական կողմի միջնորդությամբ իրականացվել է գերիների և զոհվածների մարմինների փոխանակում»,- նշեց ՌԴ նախագահը:

--0--ԿԿ