Գյումրիում դիմակավորված անձը հարձակվել է ռուսական ռազմաբազայի ծառայողի ու նրա կնոջ վրա

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 13,  24News  

բազա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով:  

Ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում՝ Անի թաղամասի 3-րդ փողոցում, էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել, որի ժամանակ նույն թաղամասի բնակվող, 40-ամյա Ռոման Ռոմանովը դուրս է եկել բակ, որպեսզի պարզի, թե երբ են տալու լույսերը:  

Այնուհետև վերջինիս կինը՝ Սիրուշ Վ.-ն, ձայներ է լսել, և տանից դուրս գալուց նկատել է, որ ամուսինը գետնին ընկած, դիմակավորված անհայտ անձի հետ քաշքշում են իրար:   Երբ կինը սկսել է բղավել, հարևաններին կանչել ու գոռացել, որ ահազանգելու է ոստիկանություն, դիմակավորված անձը դանակով հարձակվել է նաև իր վրա, որից հետո դիմել է փախուստի:  

Արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ամուսինները հայտնել են, որ իրենք ստացել են մարմնական վնասվածքներ:   Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժածներից Ռ. Ռոմանովը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում:   Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:  

--00—ՄՀ