Ինչպե՞ս է ազդում պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

պատվաստանյութ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է հոդված՝ պատվաստանյութերի մշակման և տարածման մասին: «ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում, մինչև ապահով ու հավասար հասանելիություն»,- հայտնում են Առողջապահության նախարարությունից: 

Մանրէներն ամենուր են` ինչպես մեր շրջապատում, այնպես էլ մեր օրգանիզմում: Երբ ընկալունակ մարդը հանդիպում է ախտածին մանրէի, ապա դա կարող է բերել հիվանդության և նույնիսկ մահվան։

Մարդու օրգանիզմում կան հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմներից՝ ախտածնից (պաթոգեն), պաշտպանվելու բազմաթիվ եղանակներ: Մաշկը, լորձաթաղանթը և թարթիչները (օտար մասնիկները հեռացնող շնչառական ուղիների մակերեսային թարթչային շերտ) ծառայում են որպես ֆիզիկական պատնեշ՝ առաջին հերթին  հարուցիչների մուտքը մեր օրգանիզմ ներթափանցելու համար:

Երբ հարուցիչն ախտահարում է օրգանիզմը, խթանվում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները, այսպես կոչված, իմունային համակարգը, որը հարձակվում և ոչնչացնում է հարուցիչը կամ էլ հաղթում դրան:

Օրգանիզմի բնական արձագանքը

Հարուցիչը մանրէ, վիրուս, մակաբույծ կամ սունկ է, որն օրգանիզմում կարող է առաջացնել հիվանդություն: Յուրաքանչյուր հարուցիչ բաղկացած է մի քանի մասնիկներից, որոնք սովորաբար բնորոշ են տվյալ հարուցչին և իր հարուցած հիվանդությանը: Հակամարմիններ առաջացնող հարուցչի մասնիկը կոչվում է հակածին (անտիգեն): Հարուցչի հակածնին ի պատասխան արտադրվող հակամարմիններն իմունային համակարգի կարևոր մասն են կազմում: Դրանք համարվում են մեր օրգանիզմի պաշտպանական համակարգի զինվորներ: Յուրաքանչյուր հակամարմին կամ զինվոր հրահանգավորված է ճանաչել կոնկրետ մեկ հակածնի: Մեր օրգանիզմում կան հազարավոր այլ հակամարմիններ: Երբ առաջին անգամ մարդու օրգանիզմը ենթարկվում է հակածնի ազդեցությանը, ժամանակ է պահանջվում, որ իմունային համակարգը արձագանքի և կոնկրետ այդ հակածնի նկատմամբ հակամարմիններ արտադրի: 

Այդ ընթացքում անձը ընկալ է հարուցիչը և կարող է հիվանդանալ:  

Տվյալ հակածնի նկատմամբ հատուկ հակամարմիններ արտադրելուց հետո հակամարմինները համագործակցում են իմունային համակարգի հետ, որպեսզի ոչնչացնեն հարուցչին և կասեցնեն հիվանդությունը: Մեկ հարուցչի նկատմամբ արտադրված հակամարմինները սովորաբար չեն պաշտպանում այլ հարուցչից, բացառությամբ, երբ երկու հարուցիչ չափազանց նման են, ինչպես զույգ եղբայրները: Երբ օրգանիզմն առաջին անգամ հանդիպած հարուցչի նկատմամբ հակամարմիններ է արտադրում, այն նաև ստեղծում է հակամարմիններ արտադրող հիշողության բջիջներ, որոնք մնում են կենդանի նույնիսկ այն դեպքում, երբ հակամարմինները ոչնչացնում են հարուցչին: Եթե օրգանիզմը մի քանի անգամ է հանդիպում նույն հարուցիչին, հակամարմիններն ավելի արագ ու արդյունավետ են արձագանքում, քան առաջին անգամ, քանի որ հիշողության բջիջներն արդեն պատրաստ են տվյալ հակածնի դեմ արտադրելու հակամարմիններ:

Սա նշանակում է, որ հետագայում, եթե մարդը հանդիպում է այդ վտանգավոր հարուցչին, ապա նրա իմուն համակարգը կարողանում է անմիջապես արձագանքել՝ պաշտպանելով  մարդուն հիվանդությունից:

նկար
Ինչպե՞ս են օգնում պատվաստանյութերը

Պատվաստանյութերը պարունակում են կոնկրետ միկրոօրգանիզմի (հակածնի) թուլացած կամ ոչ ակտիվացված մասնիկներ, որոնք օրգանիզմում առաջացնում են իմունային պատասխան: Նոր պատվաստանյութերը պարունակում են հակածին արտադրելու ծրագիր, ոչ թե հակածին: Անկախ նրանից, թե պատվաստանյութը ստեղծված է հակածնից կամ նա պարունակում է հակածին արտադրելու ծրագիր, այդ թուլացված տարբերակը պատվաստվող մարդու մոտ չի առաջացնում հիվանդություն, սակայն կստիպի իմուն համակարգին արձագանքել այնպես, ինչպես կարձագանքեր տվյալ հարուցչին առաջին ներգործության ժամանակ:

Ամբողջությամբ՝ այստեղ:

--00--ԱԹ