Ռուսաստանը միշտ պատրաստ է թիկունք դառնալ եղբայրական հայ ժողովրդին. Ռուդենկո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

1.jpg

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Ռուդենկոն «Նովոյե վրեմյա» հայկական թերթին հարցազրույց է տվել՝ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 29-րդ տարեդարձի կապակցությամբ: Փոխնախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Անդրկովկասում ստեղծված իրավիճակի հետ կապված տնտեսական և աշխարհաքաղաքական իրողություններին: Ռուդենկոն, մասնավորապես, անդրադարձել է Մոսկվային ուղղված մեղադրանքներին՝ պատմական դաշնակցին՝ Հայաստանին, պատերազմի ընթացքում «դավաճանելու» մասին:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բազմակողմ են և փոխլրացնող, դրանք չեն սահմանափակվում միայն ԼՂ խնդրի շուրջ փոխգործակցությամբ: Այս առումով մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 29-ամյա տարեդարձին: 1992 թ. ապրիլի 3-ին մեր երկրները նոր էջ բացեցին փոխշահավետ բարեկամական դարավոր կապերի պատմության մեջ»,- նշել է նա:

Փոխնախարարն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում հայ-ռուսական համագործակցությունն իրապես դաշնակցային բնույթ է ստացել, առանձնանում է քաղաքական երկխոսության բարձր ինտենսիվությամբ, փոխգործակցության ոլորտների լայն շրջանակով:

«2020 թ. նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել, որը թույլ կտար դադարեցնել արյունահեղությունը և սկսել խաղաղության գործընթաց:

 Այսօր տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահները և Հումանիտար արձագանքման կենտրոնը հանդես են գալիս որպես կայունության ու ավտանգության երաշխավորներ, իրականացնում են տեղի բնակչության համար կենսական կարևորության խնդիրներ: ՌԴ մինչ օրս մոտ 15 մլն դոլարի ուղղակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը»,- նշել է նա: 

Ռուդենկոն նկատել է, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ գործող, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի ակտիվ աշխատանքի արդյունքում պայմաններ են ստեղծվում Հարավային Կովկասում նորմալ կյանքի վերականգնման, այն փոխադարձ վստահության, անվտանգության ու բարգավաճման տարածաշրջան ստեղծելու համար:

«Այս ամենը համոզիչ կերպով վկայում է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է թիկունք դառնալ եղբայրական հայ ժողովրդին, միասին աշխատել՝ ի շահ ընդհանուր հետաքրքրությունների»,- նշել է նա:

--00--ԱԹ