Բայդենը կարծես պատրաստվում է ճանաչել ցեղասպանությունը․ դա իմ ծննդյան լավագույն նվերը կլինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

«Reddit» ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հույս ունի՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վերջապես կճանաչի 1915 թվականի ցեղասպանություն՝ որպես պատմական իրողությունը։ Այդ մասին նա ասել է ցեղասպանության 106-րդ տարելիցի ուղերձում։

«Ջո Բայդենը կարծես պատրաստվում է վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ դա իմ ծննդյան լավագույն նվերը կլինի»,- տեսանյութում ասում է Օհանյանը՝ հայտնելով, որ ապրիլի 24-ին նա նշում է իր 38-ամյակը։

Ալեքսիս Օհանյանը նաև ընդգծել է, որ աշխարհասփյուռ հայերի համար է՛լ ավելի ցավալի է  փաստը, որ ոճրագործներն 100 տարի չեն ընդունել իրենց մեղքը և պատասխանատվության չեն ենթարկվել նաև աշխարհի հզորագույն երկիր համարվող ԱՄՆ-ի կողմից։

«Քաղաքականությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց կարծում եմ՝ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել այն, ինչը նվազագույնն է, որ մենք՝ ամերիկացիներս, կարող ենք անել, բայց դա կարևոր քայլ է, քանզի ցեղասպանությունը մեր՝ հայերիս և հատկապես սփյուռքահայերի ինքնության մասն է, որը փոխանցվել է սերնդեսերունդ»,- նշել է Օհանյանը և հավելել, որ ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կարևոր քայլ կլինի, թեպետ չի էլ ցանկանում հուսախաբ լինել, քանի որ ցեղասպանություն ճանաչելու խոստումը լսել ենք նաև մյուս նախագահներից։

Տեսանյութը՝ այստեղ։

--00—ԼՄ