Ադրբեջանը փորձում է վերջին օգուտները քաղել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News  

Րաֆֆի Ասլանյան

Ադրբեջանը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում դիրքերը, մեր պետական սահմանի ու կենսական ռեսուրսների հաշվին առաջ տալով, փորձում է քաղել իր վերջին օգուտները Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջին օրերից, նման գրառում ֆեյսբուքյան իր էջում արել է փաստաբան, Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։

«Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ եթե ՀՀ գործող ղեկավարը հրաժարական տար դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին, ապա չէինք կորցնի Շուռնուխի զգալի հատվածը, Սոթքից շուրջ 2 կիլոմետր, Ներքին Խնձորեսկի զգալի հատվածը, Արավուսի պահուստային ֆոնդի հողերը և այլն, իսկ հիմա նաև Սև լիճը, Վարդենիսի հատվածից ևս 2-3 կիլոմետր։ Եվ ամենակարևորը՝ չէինք կորցնի պատերազմից հետո շուրջ 50 օր Հադրութի անտառներում պատսպարված ու կյանքի կռիվ տվող մեր տասնյակ եղբայրներին», - նշել է Ասլանյանը։

Նա ընդգծել է՝ ցավոք, սա է մեր իրականությունը։

«Ունենք իշխանությունն ու դրա վայելքները ամեն ինչից վեր դասող մի ապիկար, հոգեպես անառողջ ղեկավար և նրան դեռևս հավատացող որոշ շահագրգիռ ու մոլորյալ հայրենակիցներ, ովքեր նույնիսկ թշնամու առաջխաղացման վերաբերյալ ակնհայտ հավաստի տվյալները «մեդիատեռոր» են անվանում, սրանց հավանաբար կփրկի միայն սեփական վզին դրված թուրքի յաթաղանը»,-գրել է Ասլանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը տեղեկացրել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ 

--00—ՄՀ