ՀՀ և ԱԴՀ սահմանները, որոնք ճանաչել է ՄԱԿ-ը, հիմք են սահմանազատման և սահմանագծման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Քաղաքական

«Հայաստանի շրջակա տարածաշրջանում խաղաղության-պատերազմի դինամիկան գրավում է բոլոր այն դերակատարների սևեռուն ուշադրությունը, որոնք իրենց միջազգային անվտանգային շահերն են առաջ մղում Մեծ Մերձավոր Արևելքի պայթյունավտանգ աշխարհառազմավարական տարածքում»,-այս մասին գրել է ՀՀ, ՌԴ, ԱՄՆ պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը :

«ԱՅՍ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ու սահմանազատման խնդիրը, լինելով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, պահանջում է ՀՀ և Ադ.Հ միջև շփման գիծը որպես բանակցությունների գործընթացի մեկնակետ դիտարկելու իրավազորության գիտափորձագիտական գնահատական:

Այդ առնչությամբ բանակցող կողմերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պետք է ուշադրության առնեն միջազգային-իրավաչափ հետևյալ փաստարկների ապացուցվածությունը.

1. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների խախտումով 44-օրյա ռազմական ագրեսիայի նախաձեռնման փաստի անհերքելիությունը (1),

2. Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ի (միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից հակաօրինական և ահաբեկչական ճանաչված կազմակերպության) ջիհադիստներին ներգրավելու փաստի անհերքելիությունը (2):

Այսպիսով, ջիհադիստ ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված ներկայիս շփման գիծը չի կարող դիտարկվել որպես միջազգային-իրավական հիմք՝ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված սահմանները հստակեցնելու համար:

Սյունիքում սահմանային խնդրի լուծման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման կազմակերպման հարցով բանակցությունների համար միջազգային-իրավաչափ հիմք են ՀՀ և Ադ.Հ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանները:  Որպես տեղեկանք հարկ է շեշտել, որ Միավորված ազգերի կազմակերպության կողմից ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների ճանաչումը միջազգային-իրավաչափ փաստ է դարձել միաժամանակ՝ 1992թ. Մարտի 2-ին, ՄԱԿ-ի անդամների կազմում նրանց պաշտոնական ընդգրկման շնորհիվ (3):

ԱՄՓՈՓՈՒՄ.

Թուրք-ադրբեջանական ջիհադիստական ռազմական ագրեսիայի արդյունքներով Սյունիքում սահմանային խնդրի լուծման, ինչպես նաև սահմանագծման և սահմանազատման միջազգային-իրավաչափ գործընթացի նախապատրաստման բանակցությունների հիմքում պետք է դրվեն ՀՀ և Ադ.Հ պետական սահմանները, որոնք ճանաչվել են 1992 թվականի մարտի 2-ին ՄԱԿ-ին անդամակցելու արդյունքում»,-գրել է Քոթանջյանը:

--00--ԿԿ