Գեներալ Հայկ Քոթանջյանը դիմել է նախագահին ու վարչապետին՝ Քոչարյանին ազատելու խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

Հայկ Քոթանջյան

Գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (անվտանգության ռազմավարական հետազոտությունների), Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանը դիմել է ՀՀ ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է «Голос Армении»-ն:

Նամակում մասնավորապես ասված է․

«Հայաստանի Հանրապետության Մեծարգո նախագահ պարոն Արմեն Սարգսյան և Հայաստանի Հանրապետության Մեծարգո Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան:

Տարածաշրջանում համաճարակի և տարածաշրջանային պատերազմի մարտահրավերների արտակարգ պայմաններում Հայաստանի, Արցախի և Համաշխարհային Հայության համախմբման շահերից ելնելով՝ պատիվ ունեմ դիմելու Ձեզ հետևյալ խնդրանքով:

Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի պայմաններում առաջատար պետությունների առաջնորդների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մարդասիրական մղումը` ողղված ռիսկային խմբում գտնվող անձանց կալանավայրերից ազատմանը (60 տարեկանից բարձր), նպատակահարմար է, որ ՀՀ իշխանությունը նախաձեռնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավայրից ազատ արձակումը (նա 65 տարեկան է և բժշկական հաստատության ախտորոշման համաձայն բուժման կարիք ունի):

Ռիսկային խմբում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդասիրական ազատ արձակումը կլինի միջազգային հանրության մղումներին համահունչ հումանիտար քայլ՝ ուղղված կորոնավիրուսային համաճարակի և անվտանգային մարտահրավերների պայմաններում հայ հանրության համախմբմանը:

Հ.Գ. Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի հանրության համախմբմանը նպատակաուղղված իմ դիմումը ՀՀ մեծարգո նախագահ պարոն Ս. Սարգսյանին՝ 2008 թ. մարտի մեկի գործով կալանավորվածների՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանի ներման խնդրանքով»: