Ոստիկանները 80-ամյա կնոջը հրեցին, գցեցին. Ալիխանյանի բնակիչները՝ բախման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Երևանի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ հայտնի «Ֆիզգորոդոկ»-ում, այսօր ոստիկանների և բնակիչների միջև ծեծկռտուք է եղել, երկու քաղաքացի բերման է ենթարկվել։ Բնակիչների խոսքով՝ պատճառը «Ֆիզգորոդոկ»-ում ստորգետնյա կայանատեղիով 12 հարկանի շինության կառուցումն է, որը, նրանց կարծիքով, ապօրինի է։

Ալիխանյանի բնակիչներից մեկը 24news-ի հետ զրույցում նշեց, որ այսօր, երբ բնակիչները խոչընդոտել են իրականացվող շինարարական աշխատանքներն, ոստիկանները բնակիչների հետ բախում են հրահրել, որի արդյունքում առաջացել է հրմշտոց․

«Ոստիկանները երեխայի ներկայությամբ հորը գետնին գցելով տարել են բաժին, 80 տարեկան կնոջը հրեցին, գցեցին, մյուս բնակչին էլ  ձերբակալեցին, տարան»։

Ալիխանյանի բնակիչ Սեդա Գրիգորյանն էլ նշեց, որ երկու տարի է, ինչ փողոցում անօրինական շինթույլտվություն է տրվել, խնդրի վերաբերյալ բնակիչները դիմել են դատարան, դեռևս պատասխան չունեն։

«Սեփականաշնորհման վկայականում նշված է, որ այստեղ նկուղ կա, սակայն այն երբեք չի եղել։ Նկուղի կեղծ ձևակերպման վրա վարձակալություն են ձևակերպել և հիմա ուզում են այս տարածքում բարձրահարկ շենք կառուցել։ Ֆիզիկայի գիտավանը հուշարձան թաղամաս է, վերջերս ԿԳՄՍ նախարարությունը տրամադրեց հուշարձանի կարգավիճակ, սակայն թաքուն կերպով այս հատվածը հուշարձան լինելու որոշումից հանվեց։ Ակնհայտորեն որոշ պետական կառույցներ համագործակցում են կառուցապատողի հետ, որպեսզի կարողանան իրենց ապօրինի գործունեությունը ծավալել։ Քաղաքապետը բազմիցս հանդիպել է կառուցապատողի հետ, բայց բնակիչների հետ երբեք չի հանդիպել, սա խոսում է իր կանխակալ վերաբերմունքի մասին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ