Կապանում շուրջ 30 տոննանոց աղացի զրահասալիկներ էին գողացել, տեղափոխել ու հողով ծածկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

ոստիկանություն

Օգոստոսի 26-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի երկաթի հավաքման բազայից գողություն է կատարվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Կապանի ոստիկանները բաժին բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 24-ի գիշերը, ևս երեք հոգու հետ, նշված բազայից կատարել են մեծ քանակությամբ երկաթյա իրերի գողություն:

Պարզվել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Կապանի բնակիչ, 39-ամյա տղամարդը կոտրել է բազայի դարպասի կողպեքը, վերամբարձ կռունկի 29-ամյա վարորդը՝ 54 հատ, շուրջ 30 տոննա կշռով, 5.000.000 դրամ արժողությամբ հանքանյութի աղացի զրահասալիկներ է բարձել 41-ամյա տղամարդուն պատկանող «ԿամԱԶ» բեռնատարը, իսկ բեռնմանն օգնել է նաև 55-ամյա մի տղամարդ։ Գողոնը տեղափոխել էին Կապանի նախկին առևտրի բազայի մոտակայքը, դատարկել, իսկ հաջորդ օրը ամբարձիչի կիրառմամբ հողով ծածկել էին:

Գողությանը մասնակցած բոլոր անձինք հայտնաբերվել և բերման են ենթարկվել։
Գողոնը հայտնաբերվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում:
Պարզվել է նաև, որ բազայի դարպասի կողպեքը կոտրած 39-ամյա տղամարդը, նշված գողությունը կատարելուց հետո, օգոստոսի 25-ին, ժամը 01.00-ի սահմաններում, միայնակ վերադարձել է նշված բազա և գողացել 250 կգ երկաթե գնդեր ու տեղափոխել իր տան բակ:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն։

--00—ՄՀ