Կրոսավազքի ամենաարագ վազորդն իր հաղթանակը նվիրեց զոհված հայ զինվորների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Արմավիրի մարզում այսօր` հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ միջոցառումը` սիրողական կրոսավազքի մրցաշարը։ «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ մրցաշարի ամենաարագ վազորդ է ճանաչվել գյումրեցի Երվանդ Մկրտչյանը։ Նա հաղթել է 18-40 տարեկան տղամարդկանց տարիքային խմբում` 10 կմ տարածությունը հաղթահարելով մոտ 31 րոպեում։ «Իմ երկրին մաղթում եմ ամենալավը` միայն հաղթանակներ, հաղթանակներ, հաղթանակներ», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վազորդը։

Երվանդ Մկրտչյանը Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ է, սակայն պրոֆեսիոնալ մակարդակում հանդես է գալիս ավելի փոքր` 1500-3000 մետր տարածության վրա։ Այդ իսկ պատճառով նրան թույլատրել էին մասնակցել սիրողական կրոսավազքին։ Մարզիկը «Արմենպրես»-ին հայտնեց, որ ինքն այժմ ծառայում է Վազգեն Սարգսյանի անվան սպորտային վաշտում և իր հաղթանակը նվիրում է իր ծառայակիցներին և Արցախյան պատերազմում նահատակված հայ զինվորների հիշատակին։

Շնորհավորելով մրցաշարի բոլոր մասնակիցներին և հաղթողներին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ ինչպես սեպտեմբերին «Վարչապետի գավաթի» շրջանակներում անցկացված սիրողական հեծանվավազքը, այնպես էլ այս` կրոսավազքի մրցաշարը կարելի է կայացած համարել։ «Այն փաստը, որ 1400-ից ավելի մասնակից ենք ունեցել այսօր, տալիս է այն հարցի պատասխանը, որ այո՛, այս նախաձեռնությունը, այս մրցաշարը անհրաժեշտ է քաղաքացիներին։ Ճիշտ է` մրցաշարը կոչվում է «Վարչապետի գավաթ», բայց կարծում եմ` ակնհայտ է, որ այս մրցաշարը մենք կառավարության կամ վարչապետի կամ նախարարների համար չենք անցկացնում։ Այս մրցաշարը մենք անցկացնում ենք ՀՀ քաղաքացիների համար։ Մենք ուզում ենք աջակցել, խրախուսել քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք իրենց առաջ խնդիրներ դնեն և լուծեն այդ խնդիրները», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սիրողական կրոսավազքին մասնակցում էին 1400-ից ավելի կանայք և տղամարդիկ, որոնք պայքարում էին ընդհանուր 15 մլն դրամ մրցանակային հիմնադրամի համար։ Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և Մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը։ Մրցաշարն անցկացվում էր երեք տարիքային խմբերում: 1-ին տարիքային խմբի մեջ 15-17 տարեկան աղջիկներն ու տղաներն էին, որոնք պետք է հաղթահարեին 3 կմ տարածություն։ 2-րդ տարիքային խմբի մեջ` 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, որոնք վազեցին 10 կմ: 3-րդ տարիքային խմբում ընդգրկված էին 36 տարեկանից բարձր տարիքի կանայք և 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ:  Նրանց կրոսավազքի երկարությունը նույնպես 10 կմ էր:

Մրցաշարի արդյունքները

15-17 տարեկան աղջիկների խմբում`

3) Լիլիթ Մկրտչյան (Գյումրի)

2) Մարի Սարգսյան (Գյումրի)

1) Լիանա Մարտիրոսյան (Կապան)։

Նրանց պարգևատրեց Արմավիրի մարզպետը։

15-17 տարեկան տղաների խմբում`

3) Սամվել Աթանեսյան (Երևան)

2) Էրիկ Սահակյան (Վանաձոր)

1) Սոս Հարությունյան (Գյումրի)։

Նրանց պարգևատրեց Էջմիածնի քաղաքապետը։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրեց 36 տարեկանից բարձր տարիքի կանանց`

3) Հասմիկ Հարությունյան (Արարատ)

2) Սիրվարդ Բաղյան (Վանաձոր)

1) Լիանա Հովհաննիսյան (Երևան)։

41 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց պարգևատրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը.

3) Գևորգ Կարապետյան (Երևան)

2) Վարագ Աբաջյան (Մարալիկ)

1) Վարդան Սաղյան (Երևան)։

18-35 տարեկան կանանց պարգևատրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը`

3) Ալեքսանդրա Գալինսկի (Ստեփանակերտ)

2) Լիլիթ Հարությունյան (Վանաձոր), որը մրցանակ էր նվաճել նաև հեծանվավազքում

1) Էլլադա Ալավերդյան (Վանաձոր)։

18-40 տարեկան տղամարդկանց պարգևատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը`

3) Մհեր Մաղումյան (Երևան)

2) Բալաբեկ Հարությունյան (Երևան)

1) Երվանդ Մկրտչյան (Գյումրի)։

Վարչապետը նաև պարգևատրեց մրցաշարի ամենատարեց կին մասնակցին` Շուշանիկ Պողոսյանին (71 տարեկան) և ամենատարեց տղամարդ մասնակցին` Խաչատուր Փրխոյանին (79 տարեկան)։

Կրոսավազքին մասնակցում էր նաև «Արմենպրես»-ի սպորտային լրագրող Վարվառա Հայրապետյանը, որը 18-35 տարեկան կանանց խմբում գրավեց 16-րդ տեղը և կստանա 50.000 դրամ մրցանակ։ Նա 10 կմ տարածությունը  հաղթահարել է 56 րոպեում։

Խորհրդանշական մրցանակ ստացավ Վիկտոր Օլեյնիկը` Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունից։

--00--ԱՀ