Այն, ինչ մենք անում ենք, պետք է ամենաբարձր մակարդակով լինի․ պետք է նոր կառավարում

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24 News

«Россия 24» հեռուստաընկերության «1/6» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր Հայաստանին, որի շրջանակում ներկայացվել է նաև հաղորդման հեղինակ և վարող Կիրիլ Վիշինսկու հարցազրույցը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: 

«Россия 24» - Պարոն նախագահ, մենք խոսեցինք կառավարման մասին: Ձեր թույլտվությամբ՝ հիմա խոսենք տնտեսության մասին: Հայաստանն իր հարևանների նման մեծ բնական ռեսուրսներ չունի: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հաշվին երկիրը պետք է կարողանա շարունակել հետագա զարգացումը:

- Խորհրդային Հայաստանը ժամանակին ուներ այդ արդյունաբերական ուժը, որը ստեղծվել էր խորհրդային իշխանության ժամանակ, սակայն, ցավոք, հենց կառավարման պատճառով մենք այդ ամենը կորցրեցինք: Հայաստանում էլեկտրոնիկայի, ավոտարտադրության, քիմիայի, կենսաքիմիայի ոլորտներում կար մեծ արդյունաբերություն, բայց, ցավոք, այդ անցումային ժամանակահատվածում մենք այդքան էլ ճիշտ չկարողացանք այն օգտագործել: Այդ գործարանները, որում Խորհրդային Միությունը մեծ գումարներ էր ներդրել, փակվել են, մինչդեռ պետք էր պահել: Կարծում եմ, որ այդ գործարանները պետք էր պահպանել և կառավարման հանձնել մարդկանց, ովքեր հասկանում են այդ ոլորտներից: Այդ բոլոր ինստիտուտները, գործարանները կապված էին մեծ շուկայի հետ. դրանք Խորհրդային Միության անդամ երկրների շուկաներն էին, որոնց մեծ մասը Ռուսաստանն էր զբաղեցնում: Կորցնելով այդ գործարանները՝ կորցրեցինք նաև հասանելիությունն այդ շուկաներին: Սա պատմություն է: Իսկ այսօր բոլորովին այլ պատկեր է, և առաջ շարժվելու, ճիշտ ուղի ընտրելու համար պետք է նայել դեպի ապագա: Պետք է հասկանալ, թե 10, 20, 30 տարի հետո որտեղ է լինելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև՝ աշխարհը: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե աշխարհն ինչպիսին կլինի 10 տարի հետո: Նաև այդ պատճառով և դա հասկանալու համար ենք այստեղ արդեն երրորդ անգամ կազմակերպում «Մտքերի հայկական գագաթնաժողովը»: Պետք է հասկանալ, թե միջազգային հանրությունը ինչ ուղղությամբ է առաջ շարժվում, ուր են գնում տնտեսությունը, քաղաքականությունը: Դրանից հետո արդեն պետք է հասկանալ, թե այդ պատկերում որտեղ է մեր տեղը:

Ես աշխարհը բնորոշում եմ քվանտային եզրույթով, այսինքն՝ այն դասական չէ: Աշխարհը շատ արագ, սրընթաց է զարգանում և պետք է հստակ ձևակերպել, թե ուր է գնում այն: Դա շատ դժվար է անել, բայց հասկանալ, թե ուր է գնում, հնարավոր է: Վերադառնալով հարցին, թե Հայաստանն ինչպիսի միջոցներ ունի, կարող եմ նշել, որ դա մարդկային ռեսուրսն է: Հայաստանը փոքր երկիր է, սակայն՝ համաշխարհային ազգ: Մեզ համար շատ հեշտ է գտնել որոշակի տեղեկատվություն, գոյություն ունի որոշակի ցանց՝ անձնական կապերի ցանցը: Ցանկացած վայրում՝ Սիլիկոնյան հովտից մինչև Մոսկվայի պետական համալսարան, կան մարդիկ, որոնք իրենց գեներով հայեր են, սիրում են Հայաստանը և ցանկանում են աջակցել: Այսինքն՝ դա բնական ռեսուրս է, որը գոյություն ունի, որը մենք այդքան էլ լավ չենք օգտագործում:

Մենք պետք է կենտրոնանանք նոր տեխնոլոգիաների վրա՝ լինեն դրանք կենսատեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, թե ՏՏ տարբեր ոլորտներ: Մենք պետք է նայենք առաջ, պետք է օգտագործենք մարդկային ռեսուրսը, որպեսզի այս փոքր երկրում արտադրենք բարձր տեխնոլոգիաներ: Հայաստանը ցանկացած բան՝ էլեկտրոնիկայից, արհեստական բանականությունից, կենսատեխնոլոգիաներից մինչև գյուղատնտեսություն, արտադրում է փոքր քանակությամբ, քանի որ փոքր երկիր է և մեծ ռեսուրսներ չունի: Այսինքն՝ այն, ինչ մենք անում ենք, պետք է ամենաբարձր մակարդակով լինի, այն կարող է լինել քիչ, բայց ամենալավը: Այդ իսկ պատճառով պետք է նոր կառավարում:

 --00—ՄՀ