Գորիս-Տաթև այլընտրանքային ճանապարհը եթե սառեց, կդառնա անանցանելի մեծ մեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Գորիս-Կապան այլընտանքային ճանապարհը, որն անցնում է Տաթև-Աղվանի հատվածով,  կցորդիչներով մեքենաների համար դժվարանցանելի է, մանավանդ եղանակային ցուրտ պայմաններում։  Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Տաթև համայնքում «Շանթ» դաշինք ազգայնական կուսակցության համայնքապետի թեկնածու Սամվել Լալայանը՝ անդրադառնալով Տաթև-Կապան նոր ճանապարհի խնդրին։

«Ընդհանուր առմամբ, բեռնատարները դժվար են շարժվելու Տաթև-Գորիս նոր ճանապարհով։ Ճանապարհները պետք է նոր բացվեն, որ կարողանան անցնել, դա երկար ժամանակի հարց է։ Տաթև հասնող 2-3 ոլորանով անցնելը դժվար է», - նշեց Սամվել Լալայանը։

Ինչ վերաբերում է այդ ճանապարհից օգտվող գյուղերին, ապա Լալայանն ասաց, որ ճանապարհի հատվածները վերջերս են ասֆալտապատվել և նորմալ են։ «Հիմա մինչև Աղվան, Տանձավեր ճանապարհն ասֆալտապատված է, բայց դժվարություններ կան, մանավանդ կցորդիչով ավտոմեքենաների համար»։

Ըստ նրա՝ փոքր մեքենաների համար ճանապարհն անցանելի է, խնդիր չկա։ «Ձևը գիտեն, բայց մեծ ավտոները, Իրանից եկող ավտոների համար դժվարություններ կան, ճանապարհներին ծանոթ չեն։ Գյուղացիները սարերից են խոտերն իջեցնում, ձևերը գիտեն, ավտոներն ունեն, կարողանում են իրենց հարցերը լուծել», - հավելեց «Շանթ դաշինք»-ի համայնքապետի թեկնածուն։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ըստ Լալայանի՝ անվտանգային առումով խնդիր ունի միայն Խոտ գյուղը, որը Որոտանի գլխին է։ Նա ասաց, որ Տաթևի ուղղությամբ կրակոցներ չեն լինում, ադրբեջանական զորքերը հեռու են տեղակայված, իսկ Տաթև-Կապան ճանապարհը տեսանելի չէ ադրբեջանական կողմից, բայց Տաթև, Սվարանց գյուղերը տեսանելի են։ «Տաթևին հեռվից ինչ-որ հրետանային զենքերով էլ կարող կրակել», - եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգոյանն ասել էր, որ նույն օրն ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է գիշերը 12։00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհի հատվածում (21 կիլոմետր) մաքսակետեր է տեղադրելու և սահմանային և մաքսային հսկողության գործառույթ իրականացնելու մասին։ ԱԽՔ-ը նշել էր, որ Հայաստանի քաղաքացիները որպես այլընտրանքային կարող են օգտագործել Տաթև-Կապան ճանապարհը։ Հաջորդ օրը՝ կառավարության նիստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ադրբեջանական կողմը սկսել է Գորիս-Կապան ճանապարհի «Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ», և որ հայկական կողմը ծանուցում է ստացել ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից։

--00--ԿԿ