ԱԺ աշխատակիցները կվերապատրաստվեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Կարևորելով խորհրդարանի աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացումը` ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ աշխատակիցների համար նախաձեռնել է «Տվյալների կառավարում, հաղորդակցություն և ներկայացում» խորագրով դասընթաց, որի մեկնարկը տրվել է նոյեմբերի 22-ին: Դասընթացի ընթացքում աշխատակազմի ներկայացուցիչները կբարելավեն Microsoft Office-ի երեք ծրագրերով (MS Excel, Word, PowerPoint) աշխատելու իրենց կարողությունները:

Ներկաներին ողջունել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա շնորհակալություն է հայտնել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին վերապատրաստման դասընթաց նախաձեռնելու, իսկ ՄՀԻ-ի գործընկերներին` խորհրդարանական նախագծերին աջակցելու պատրաստակամության համար: ԱԺ փոխխոսնակը կարևորել է աշխատակիցների համակարգչային հմտությունների կատարելագործումը: Նա բարձր է գնահատել աշխատակազմի ներկայացուցիչների` նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու ցանկությունը և հորդորել հնարավորինս արդյունավետ օգտագործել ընձեռած հնարավորությունը:

Մասնակիցներին ողջունել և արդյունավետ դասընթաց է մաղթել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը: Նա ՏՏ ոլորտում ԱԺ աշխատակազմի ունակությունների բարձրացման տեսանկյունից կարևորել է նմանատիպ թրեյնինգների անցկացումը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը նշել է, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ` «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի միջոցով: Ջեյմս Դե Ուիթի խոսքերով` անցկացվելիք դասընթացը ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության մի մասն է կազմում: ՄՀԻ-ի տնօրենի խոսքերով` դասընթացն օգտակար կլինի տվյալների հաղորդակցության արդյունավետությունը բարձրացնելու և դրանց ներկայացման հմտությունները կատարելագործելու առումով:

--00—ԼՄ