«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24 News

հայաստան

Նոյեմբերի 25-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են լրջագույն սպառնալիքների առջև: Թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և կառավարող վարչախմբի առանձին ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և կարող են անկառավարելիորեն սպառնալ մեր ժողովրդի ֆիզիկական գոյությանը:

Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև Ազգային ժողովի՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն իշխանության հանգամանքով պայմանավորված, «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ:

Լսումները տեղի կունենան ՀՀ Ազգային ժողովում, ս.թ. նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-16:00-ն: Լսումներին մասնակցելու համար ցանկացողները կարող են մինչև 24.11.2021թ. ժամը 12:00-ն զանգահարել խմբակցության հեռախոսահամարին / +374-11 51 33 05 /1205/ / և ներկայացնել անձնական տվյալները»: 

 --00—ՄՀ