Ադրբեջանից ՌԴ միջնորդությամբ վերադարձած զինծառայողը Բաքվում վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Հասարակական

Արցախի բնակիչը և Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ի բախումների հետևանքով գերեվարված հայաստանցի զինծառայողն այսօր հայկական կողմին են փոխանցվել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։ Այս մասին 24News-ին ասաց գնդապետ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը, որը ժամանակին ներգրավված է եղել դեկտեմբերին Ադրբեջանի կողմից գերեվարված շիրակցի պահեստազորայինների վերադարձի հարցերում։

Ավագյանն ասաց, որ հայ գերիների վերադարձը տեղի է ունեցել Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի աջակցությամբ, իսկ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի՝ նոյեմբերի 17-ին Բաքու կատարած այցելության ընթացքում։ 

«Վիրավորված մեր զինծառայողի վերաբերյալ 1 շաբաթ առաջ տեղյակ էի պահել հանրությանը, որ մենք ունենք վիրավորված ու գերեվարված զինծառայող, որը վիրահատվում է Բաքվում, և որ ավարտից հետո կհայրենադարձվի։ Երբ որ Ռուստամ Մուրադովը գտնվել է Բաքվում, բանակցություններ է վարել, հաջողել է ադրբեջանցիների հետ պայմանավորվել, որ վիրահատությունից հետո զինծառայողին Ադրբեջանը կվերադարձնի Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանցիներն այդ պայմանավորվածությունները պահպանել են ու այսօր նրան վերադարձրել են Հայաստան։ Մուրադովը պայմանավորածություն էր ձեռք բերել, որ գերեվարված ու վիրավոր մեր տղային բժշկական օգնություն տրամադրվի, վիրահատվի», - մանրամասնեց Ավագյանը։

Նոյեմբերի 17-ի երեկոյան Մուրադովն Ադրբեջանից Հայաստան ինքնաթիռով տեղափոխել էր Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհված մեկ հայ զինծառայողի դի։
Ավագյանն ասաց, որ հարազատներից Արևիկ Պետրոսյանն է իրեն դիմել Արցախի քաղաքացի Միհրան Մուսայելյանի հետ կապված։ Միհրան Մուսայելյանը, ով Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակիչ է, նոյեմբերի 23-ին մոլորվելով Ադրբեջանի վերահսկղության տակ անցած տարածքում, գերեվարվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 

Պետրոսյանն ասել է, որ դիմել են պատկան մարմիններին, որտեղից հավաստիացրել են, թե բանակցություններ են տարվում Մուսայելյանին վերադարձնելու համար, սակայն որևէ շոշափելի արդյունք չի եղել, պատկան մարմիններից հուսահատված հարազատներին այս հարցով տեղեկություններ չեն փոխանցվել։ 

Ավելի վաղ ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը գրել էր, որ այսօր Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել երկու ռազմագերիների, որոնցից մեկը զինվորական է, իսկ մյուսը՝ քաղաքացիական անձ։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը հանձնել է զինծառայող Արին Արամյանին, որը վիրավոր վիճակում գերի է ընկել նոյեմբերի 16-ի՝ Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Քաղաքացիական անձը Արցախի Մարտունու շրջանի բնակիչ Միհրան Մուսայելյանն է։

--00--ԿԿ