Գործ ունենք գլխավոր դատախազի անվան շուրջ կեղտոտ, անբարո մանիպուլյացիայի հետ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առանձին լրատվամիջոցներ ակտիվ տարածում են մի հրապարակում, թե իբր ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ հավաքույթը տեղի է ուենցել այս տարվա օգոստոսի 16-ին: Ֆեյք, ստահոդ, իրականության հետ որևէ աղերս չունեցող «տեղեկություն» է:

Գլխավոր դատախազի մասնակցությամբ նեղ շրջապատով այդ հավաքույթը, որի մի հատվածի տեսանյութը հայտվել է համացանցում, տեղի է ունեցել ոչ թե օգոստոսի 16-ին՝ ՀՀ սահմաններին ռազմական գործողությունների և զոհեր ունենալու օրը, այլ հոկտեմբերի սկզբներին, երբ սահմաններին ռազմական գործողություններ չկային և զոհեր ևս չկային: Այն, որ հավաքույթը տարվա շոգ եղանակի չի եղել, վկայում են նաև տեսանյութում երևացող անձանց զգեստները:

Պատահական չէ, որ հավաքույթն օգոստոսին տեղի ունեցած լինելու մասին որևէ հրապարակման մեջ տեղեկատվության որևէ աղբյուրի հղում չի անում:

Դա մի պարզ բացատրություն ունի՝ որովհետև գործ ունենք գլխավոր դատախազի անվան շուրջ կեղտոտ, անբարո մանիպուլյացիայի հետ:

Խաղադրույքն արվել է նրա վրա, որ ընթերցողներն ուշադրությունը ոչ թե ամսաթվերի վրա են դարձնելու, այլ գլխավոր դատախազի անունը, նրա մասնակցությամբ հավաքույթը հատկապես «սահմաններին պատերազմ» և «զոհ» բառերի հետ համադրության մեջ տեսնելու:

Այն հանգամանքը, որ նշված ֆեյք տեղեկությունը տարածվում է կոնկրետ մեկ կենտրոնից կառավարվող լրատվամիջոցներով, հասկանալի է դարձնում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում:

Պարզապես երկրի սահմաններին ռազմական գործողություններն ու ցավալի զոհերն իրենց քաղաքական կեղտոտ կրքերի բավարարման միջոց դարձնողները, նրանք, ովքեր հայրենասիրության, հայրենիքի կացության և զինվորի վիճակի հարցերով ոչինչ չունեն արած, ի տարբերություն գլխավոր դատախազի, ում արածների մասին (ընդ որում՝ ինչպես 44-օրա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո ու ոչ միայն պաշտոնական պարտականությունների կատարմամբ), հաճախ չի բարձրաձայնվում, շատ են բարդույթավորված այդ արածների մասին տեղյակ լինելու բերումով իրենց անկարողությամբ ու անընդունակությամբ:

Չի ստացվելու. շատ պրիմիտիվ է»:

--00--ԱԹ