Վահե Գևորգյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

․

Դեկտեմբերի 17-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպումը, որը վարել է ՍԾՏՀԿ նախագահող երկիր Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։ ԱԳՆԽ հանդիպմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Շնորհակալություն հայտնելով վրացական նախագահությանն անցյալ վեց ամիսներին տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված ջանքերի համար՝ Վահե Գևորգյանը ՍԾՏՀ-ի առաջիկա 30-ամյակի համատեքստում նշել է, որ հոբելյանը լավ հնարավորություն կլինի վերանայելու կազմակերպության կատարողականը և նախանշելու ՍԾՏՀ-ն ավելի դինամիկ ու արդյունավետ կազմակերպություն դարձնելու ուղիները: Նա ներկայացրել է Հայաստանի տեսակետները ՍԾՏՀ-ի աշխատանքային մեթոդները բարելավելու հնարավորության վերաբերյալ։

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։

--00--ԱՀ