Ոսկեպարում ոչ մի շրջանցիկ, այլընտրանքային ճանապարհ չի կառուցվում․ վարչական ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Հասարակական

Ոսկեպարում ոչ մի շրջանցիկ, այլընտրանքային ճանապարհ չի կառուցվում։ Այս մասին 24News-ին ասաց Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Ամալյանը՝ անդրադառնալով այս թեմայով ավեի վաղ տարածված տեղեկություններին։

«Ես չեմ կարող նախատեսողների տեղն ասել, նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, առայժմ նման բան չի կատարվում», - ասաց Ամալյանը։

Ոսկեպարի ղեկավարն ասաց, որ ադրբեջանական կողմից բնակավայրի ուղղությամբ որևէ կրակոց չկա։ «Ոչ մի պանիկա չկա, ապրում ենք նույն ձևով։ Առաջներում եղել են կրակոցներ, բայց հիմա չկան, ո՛չ միջադեպ, ո՛չ կրակոց», - եզրափակեց Իշխան Ամալյանը։

Ոսկեպար տեղակայված է Տավուշի մարզի հյուսիս-արևելքում` հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Գյուղից հյուսիսում ընկած է Բաղանիս, հարավում՝ Աճարկուտ, հարավ-արևելքում՝ Կիրանց գյուղերը։ Ոսկեպար գյուղից էլ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ցանկանում է հատվածներ պոկել՝ պնդելով, որ դրանք ադրբեջանական են։ 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 24News-ին ասաց, որ չունի նման տեղեկատվություն։ «Համենայնդեպս նման [այլընտրանքային ճանապահ կառուցելու վերաբերյալ] քննարկում ինձ հետ չի եղել», - ընդգծեց նա։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից այս թեմայով տեղեկություն փոխանցելու համար խնդրեցին հարցում ուղարկել։

Ավելի վաղ «Փաստինֆո» կայքը գրել էր, թե ՏԿԵ նախարարությունը չի հերքել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու, և որ գերատեսչությունը պաշտոնապես խուսափում է ասել, թե քանի ուղղությամբ են կառուցվելու նոր ճանապարհները և քանի կմ։

--00--ԿԿ