Սիրով հրավիրում եմ Ձեզ՝ այցելելու Հայաստան․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ճապոնիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային Ճապոնիայի ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ևս Ձեզ եմ հղում իմ անկեղծ և ջերմագին շնորհավորանքները:

Մեր երկրների միջև միջպետական հարաբերությունների այս ոչ երկար ժամանակահատվածում մեզ հաջողվել է ստեղծել փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա հիմնված համագործակցություն: Մենք հետամուտ ենք Ճապոնիայի հետ առավել ամուր հարաբերությունների կառուցմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը:

Լիահույս ենք, որ համավարակային իրավիճակը թույլ կտա հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշել տարբեր մշակութային միջոցառումների անցկացմամբ, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցերով:

Այս կապակցությամբ, համոզված լինելով, որ նման այցերը նոր խթան կարող են հանդիսանալ մեր հարաբերությունների համապարփակ ընդլայնման համար, սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

--00—ԼՄ