ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Ուրցաձորում հողային օրենսդրության պահանջների խախտում է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը ՀՀ հողային օրենսդրության պահանջների խախտման, իրավախախտումներ կատարելու վերաբերյալ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ ստուգումներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։

Ստուգման արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է, որ համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը տասնյակ խախտումներ է թույլ տվել՝ հողամասեր վարձակալության տալով, օտարելով, մրցույթների հաղթող ճանաչելով իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի աշխատակցի:

Այսպես՝
1. Համայնքի ղեկավարը 2010 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ 25 տարի ժամկետով իր կնոջը՝ Լիդա Խաչատրյանին է վարձակալության տրամադրել 359 թաղամասում գտնվող 1.0 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս՝ տարեկան վարձավճարի չափ նախատեսելով 1200 ՀՀ դրամը։ Իսկ հուլիսի 30-ին համայնքի ղեկավարը ստորագրել է համաձայնագիր առ այն, որ չի առարկում նույն հողամասից 150 քմ մակերեսի չափով «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին 10 տարի ժամկետով ենթավարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ։ Դրա հիմքով 2010թ. օգոստոսի 5-ին Լ․ Խաչատրյանի և «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքվել է հողամասի ենթավարձակալության պայմանագիր՝ ընդամենը 150 քմ հողամասի վարձակալության վճարը նախատեսելով ամսական 50 հազար ՀՀ դրամ։

Եվ այսպես հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի խախտումներ։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հիմք ընդունելով հանգամանքը, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների հատկանիշներ, հայտնաբերված հանրորեն վտանգավոր արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

--00--ՍԳ