Ջերմուկի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
 

Մարտի 30-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Ժամը 18-ի սահմաններում քրեական հետախույզները Ջերմուկ տանող ճանապարհից, «Դոջ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներով հանդերձ, բերման ենթարկեցին Երևանում և Գորիսում հաշվառված երկու տղամարդու, որոնցից մեկը՝ 38, մյուսը՝ 40 տարեկան:

Ոստիկաններին տեսնելով՝ Գորիսի 40-ամյա բնակիչը «Մերսեդեսից» ապակյա տարա էր նետել: «Դոջի» զննությամբ հայտնաբերվեց ապակյա մեկ այլ տարա՝ ամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Երևանցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 20 սմ երկարությամբ գաղտնի փականով դանակ:

Մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

--00—ՀԶ