Ոստիկանները հայտնաբերել են Կարմիր բլուրում հնչած կրակոցների գործով հետախուզվողին․ նա կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած տևական օպերատիվ միջոցառումների արդյունքում ապրիլի 11-ին Երևանի Մանանդյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել ու Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի տղամարդ։

Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլի 9-ին «Կարմիր բլուր» գերեզմանատան տարածքում՝ սգո սրահի հարևանությամբ, հոգեհանգստի արարողության մասնակցողների ներկայությամբ մի խումբ անձինք վիճել էին։ Այդ ընթացքում 28-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ էր արձակել միջադեպի մյուս մասնակիցների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Տուժողները հոսպիտալացվել էին Երևանի տարբեր բուժհաստատություններ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, կրակոցների հետևանքով վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում գնդակ կար։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով․ այդ թվում՝ սպանության փորձի։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները տվյալներ էին ձեռք բերել կրակոցներ արձակած անձի ինքնության վերաբերյալ, այնուհետև հայտարարվել էր հետախուզում։ 28-ամյա երիտասարդը կալանավորվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։