Հարությունյանի և Իդալգոյի հանդիպման կապակցությամբ Բաքուն բողոք է հայտնել Փարիզին

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Իդալգո Արցախ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումից հետո Ադրբեջանի իշխանություններն արտգործնախարարություն են կանչել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին։

Ինչպես հայտնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովն իր բողոքն է արտահայտել Փարիզի քաղաքապետի և Արցախի նախագահի հանդիպման կապակցությամբ:

«Դեսպանին ասվել է, որ ֆրանսիացի պաշտոնյայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված այդ քայլն ակնհայտորեն հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը և երկրի միջազգային պարտավորություններին, ինչպես նաև վնասում է ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Հարությունյանն ու Իդալգոն հանդիպել են նախօրեին՝ Հայաստանի Գորիս քաղաքում, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ ֆրանսիացի պաշտոնյան նշել է, որ Փարիզը պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդել է Արցախի նախագահականը:

--00--ԱԱ