Ճապոնացի փորձագետը կարծում է, որ Չինաստանը բավարար ուժեր չունի Թայվանի վրա հարձակվելու համար

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

1089506.jpg

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանին չի ստիպի հարձակվել: Չինաստանը դրա համար դեռևս բավարար ուժեր չունի, ասում է Ճապոնիայի միջազգային ոլորտի առաջատար փորձագետ Ցունեո Վատանաբեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Ներկայումս Չինաստանը չունի բավարար ուժեր Թայվանի վրա հարձակվելու համար: Դեսանտային նավերն այնքան էլ շատ չեն: Հետևաբար, այս առումով ռիսկեր չկան: Այսինքն՝ ռիսկ չկա, որ Փելոսիի այցը կբերի Թայվանի վրա հարձակման»,- ասել է նա:

Չինաստանի զինված ուժերի ռազմական օդանավերը հունիսի 21-ին մտել են Թայվանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) դիտարկման գոտի:

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի գործողությանը մասնակցում է առնվազն 29 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի Y-9 օդանավը, ռադիոէլեկտրոնային հետախուզության Y-8 օդանավը, H-6 մակնիշի վեց միավոր ռազմավարական կործանիչներ, J-16 մակնիշի ութ միավոր կործանիչներ, չորս միավոր Սու-30 և հինգ միավոր J-11 կործանիչներ:

Ժողովրդա-ազատագրական բանակի գործողությանն ի պատասխան՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը օդ է բարձրացրել իր կործանիչները, իսկ ՀՕՊ-ն իրականացրել է թիրախների վերահսկումը:

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի օդուժը վերջին ամիսներին պարբերաբար հատում է Թայվանի ՀՕՊ-ի դիտարկման գոտին՝ զորավարժություններ անցկացնելով տարածաշրջանում: Այդպիսի ամենալայնածավալ զորավարժությունը տեղի է ունեցել 2022 թ. հունվարի 23-ին, երբ նշված գոտի է մտել միանգամից 39 ռազմական օդանավ:

--00--ԶՀ