ՀՊՏՀ-ից հեռացման պատճառն իմ հասարակական-քաղաքական գործունեությունն է. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Էդգար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից հեռացման պատճառն իմ հասարակական-քաղաքական գործունեությունն է։ Այս մասին 24News-ին ասաց արտակարգ և լիազոր դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ով հայտարարել էր «Անկախություն» շարժումը սկսելու մասին՝ նպատակ ունենալով հասնել գործող իշխանության հեռացմանը։

«Ես համալսարանի հետ ունեմ ժամկետային պայմանագիր՝ կնքված մինչեւ հուլիսի 1-ը, որն ամեն տարի երկարացվում էր, այս տարի չեն երկարացրել, հեռացրել են։ Անցած տարի էլ դիմել էի դոցենտի գիտական կոչում ստանալու համար, բոլոր փաստաթղթերս ներկայացրել էի, քվեարկել են 0 կողմ, 15 դեմ», - հավելեց Էդգար Ղազարյանը։

Եթե մի համալսարանի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, ռեկտորն էլ՝ ՀԱԿ-ի ակտիվիստ Զոյա Թադեւոսյանի աղջիկը, ուրիշ ի՞նչ պատճառ պետք է լինի», - ընդգծեց քաղաքական գործիչը։

Հարցին` Ղազարյանի համար սպասելի չէ՞ր այս ամենը. «Ինչո՞ւ պիտի սպասելի լիներ։ Ես 22 տարուց ավելի այս համալսարանում դասավանդել եմ, եղել եմ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենը։ Ընդունելություն չեն արել, այս տարի մասնաճյուղը փակեցին, որը ես եմ հիմնադրել։ Համալսարանի ռեկտորատի, գիտխորհրդի անդամ եմ եղել, ամենամեծ ֆակուլտետի դեկանն եմ եղել»։

Հետագա քայլերի մասով գործիչն ասաց. «Պատրաստվում եմ այս երկիրը դարձնել նորմալ երկիր, ամենքս վերադառնանք մեր աշխատանքին։ Դա եմ պատրաստվում անել»։

 

Սերգեյ Առաքելյան