Միքայել Արզումանյանը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Միքայել Արզումանյան

ՊԲ նախկին հրամանատար, ԱՀ նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվեց։ Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես և ակնկալվում էր դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։

Շոուն շարունակվում է …»։

Տեղեկացնենք, որ 2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն):

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։

Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում էր կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։

--00--ԱՀ