Իրանը ևս խաղաղապահ առաքելություն կարող է իրականացնել, բայց ՀՀ իշխանությունը պետք է «կանաչ լույս» տա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ռ

Այաթոլլա Խամենեիի «կարմիր գծերով» հատկանշվող ռազմավարությունը շատ լուրջ է հետապնդվում Իրանի կողմից, գեոպոլիտիկայի փոփոխությունը բոլորովին Իրանի ազգային շահերին չի համապատասխանում։ Այս մասին 24News-ին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարեն Խանլարին (Խանլարյան)։

Խանլարյանի խոսքերով, այդ իսկ պատճառով Իրանը տարբեր մոդելներ է առաջարկում՝ իր ռազմավարությունն իրականացնելու, այսինքն՝ գեոպոլիտիկայի չփոխվելու համար՝ «Հատկապես Իրան-Հայաստան հաղորդուղղու պահպանման հարցում տարբեր տակտիկական հնարքներ է կիրառում»։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը պատրաստ է ստանձնել Բաքվի և Երևանի միջև միջնորդի դերը։

Նա նշել էր, որ Իրանի համար Անդրկովկասն առանձնահատուկ նշանակություն ունի. «Այս առումով մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ավելի զգայուն և ուշադիր ենք»։

Հայազգի պատգամավոր Խանլարյանի խոսքերով, իհարկե, Հայաստանի իշխանությունները պետք է տան իրենց «կանաչ լույսը», թե ինչ պետք է անեն այդ ուղղությամբ, Իրանն ի՞նչ դեր պետք է ստանձնի։

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը «ՌԻԱ Նովոստիին» նաև ասել էր, որ երկրների միջև խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։

Կարեն Խանլարյանի կարծիքով, բացի միջնորդական դերից, Իրանն այսօր ի վիճակի է խաղաղության գործընթացի մեջ ակտիվ դեր ստանձնել, խաղաղապահ կամ մշտադիտարկման առաքելության տեսքով կամ ձևաչափով կարող է դերակատար լինել։ 

Իրանի նախկին ԱԳ նախարար Վելայաթին նաև ասել էր․ «Որևէ երկրի կողմից հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ այս տարածաշրջանում։ Եվ հրահրում է տեղային պատերազմներ, որի առաջին արդյունքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությունն է՝ իրավիճակն իրենց ձեռնտու կերպով կարգավորելու պատրվակով»։

Կարեն Խանլարյանն ասաց, որ որոշակի հարցեր կապված են, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի կամ դալանի խնդրի հետ։ «Եթե միջանցքը լինի, բնականաբար, ոչ միայն Թուրքիան, այլև Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ն և ՆԱՏՕ-ի հետ Իսրայելը կարող են ընդլայնել իրենց անվտանգության ազդեցության գոտին՝ ընդհուպ մինչև Կասպից ծով և դեռ Միջին Ասիա։

Այս իմաստով, Իրանի մտահոգությունը շատ ակնհայտ է։ Որովհետև Իսրայելը կկարողանա շատ ավելի սիստեմատիկ կերպով կատարել իր հակաիրանական քայլերը՝ Ադրբեջանի տարածքը սարքելով իր ռազմաբազան։ Բացատրությունները վկայում են այս մասին, թե Զանգեզուրյան միջանցքի իրականացման դեպքում ինչ կարող է պատահել, ինչ բարդություններ կարող են առաջանալ Հարավային Կովկասում», - եզրափակեց գործիչը։ 

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ